Thursday, February 2, 2012

Մինսկի խմբի ձևաչափը փոխելը շատ բարդ գործընթաց է. Սաբինա Ֆրեյզեր

Tert.am. 1-2-2012- «ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կազմում փոփոխությունը ճշմարտանման չի թվում, դրա համար ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ընդհանուր հայտարարի գան»,– ադրբեջանական SalamNews գործակալության հետ զրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը՝ անդրադառնալով վերջերս հնչած այն հայտարարություններին, թե Ֆրանսիան պետք է դադարեցնի իր գործունեությունը Խմբի կազմում։ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունումից հետո (դեկտեմբերի 22–ին) ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում։ «Այժմ այդ թեման շատ ակտուալ է ԶԼՄ—ներում։ Դրա համար, սակայն, անհրաժեշտ է բանակցություններ անցկացնել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների միջև։ Ես տեղյակ չեմ՝ արդյոք Թուրքիան պաշտոնապես սկսել է այդ բանակցությունները...., համանախագահողների փոփոխությունը, սակայն, ճշմարտանման չի թվում, քանի որ դրա համար ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ընդհանուր հայտատարի գալ։ Այդ հարցը միայն Թուրքիայի ցանկությամբ չի լուծվի։ Վերջնական որոշումը կընդունի ԵԱՀԿ–ի նախագահությունը ստանձնած երկիրը՝ Իռլանդիան»,–ասել է Ֆրեյզերը։ Ֆրանսիայի Սենատի կողմից վերոնշյալ օրինագծի ընդունումից հետո (հունվարի 23–ին) Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ եթե Ֆրանսիան շարունակի իր առաքելությունը Մինսկի խմբի կազմում, ապա Թուրքիան ևս «պետք է այդ խմբի անդամ դառնա»։ Մինսկի խմբի կազմում նման փոփոխության մասին լուրերին անդրադառնալով Ֆրեյզերն ընդգծել է, թե դա շատ բարդ գործընթաց է. «Ինչ վերաբերում է Մինսկի խմբի կազմում Ֆրանսիան Թուրքիայով փոխարինմանը, ապա կարող եմ ասել, որ դա շատ բարդ գործընթաց է։ Ֆրանսիան դեմ է դրան և մտադիր է շարունակել իր համանախագահությունը»։ Ֆրեյզերն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը և նշել, որ այդ ուղղությամբ առաջընթաց առաջիկայում, իր կարծիքով, չի սպասվում։ «Կարծում եմ, որ մինչ հաջորդ տարեսկիզբ, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում դժվար կլինի առաջխաղացում արձանագրել, քանի որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում՝ ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ընտրություններ են սպասվում։ Ընտրությունների շրջանում փոխհամաձայնության ձեռքբերումն իրական չի թվում։ Միևնույն ժամանակ այդ ժամանակաշրջանը կարելի է օգտագործել հայ և ադրբեջանական հասարակությունների միջև ամենատարբեր մակարդակներում՝ լրագրողների, երիտասարդների, քաղաքական գործիչների, ակադեմիկոսների և այլք, կապերի ամրապնդման համար։ Ընտրությունների ավարտից և բանակցությունների վերականգնումից հետո այդ գործոնը կարող է օգնել համաձայնության ձեռքբերման հարցում»,–նշել է նա։

No comments: