Tuesday, February 7, 2012

Հայաստանը պարտավոր է համալրել

«Լրագիր» 6-2-2012. Ազգային վիճակագրական ծառայության տվյալով, Հայաստանում 3 տոկոսով նվազել է ծնելիությունը: Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդագրական լրջագույն խնդիրները, կարելի է թերեւս վստահ ասել, որ անգամ 0,3 տոկոսի անկումը Հայաստանի համար զգալի ցուցանիշ է: Հետեւաբար, 3 տոկոսի անկումը զգալի է տասնապատիկ: Հայաստանն իրավունք չունի հանդուրժել անգամ ծնելիության զրոյական մակարդակը, երբ պահպանվում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հայաստանը դատապարտված է տարեցտարի արձանագրել ծնելիության աճ, ինչին պետք է միտված լինի իշխանության ամբողջ ջանքը: Իսկ ինչ ջանք է միտված այդ խնդրին: Իշխանությունը հայտարարել է, որ ծննդաբերությունը Հայաստանում անվճար է: Դրա համար սերտիֆիկատ են տրամադրում, որը ներկայացվում է ծննդատուն եւ դրա հիման վրա կատարվում է անվճար ծննդօգնությունը: Կարիք չկա թերեւս ներկայացնել, թե ինչպիսին է վիճակը այդ առումով: Պարզապես, եթե իշխանությունը ցանկանում է իրապես ծանոթանալ առկա վիճակին եւ գործնականում տեսնել, թե ինչքանով է ծննդաբերությունը Հայաստանում անվճար, ապա գուցե արժե, որ հատուկ հղի գործակալներ վարձվեն, եւ նրանց միջոցով անցնելով այդ ամբողջ պրոցեսը, պարզի, թե իրականում ինչն է անվճար, ինչն է վճարովի: Կամ, այդպիսով իշխանությունը կպարզի, որ եթե նույնիսկ ինչ որ մեկի համար ծննդաբերությունն անվճար է ստացվում, ապա նրա հանդեպ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում տվյալ ծննդատանը, որ ծննդկանն այլեւս չի ունենում երկրորդ երեխան ունենալու ցանկություն, կամ էլ որոշում է երկրորդ երեխան ունենալ Հայաստանից հնարավորինս հեռու: Բայց, բանը չի ավարտվում միայն ծննդաբերությամբ: Երեխան պետք է մեծանա, այսինքն երեխան ունի խնամքի կարիք, սննդի, հագուստի կարիք: Ինչ ֆինանսական օգնություն է ցուցաբերում կառավարությունը ծնողներին: Միանվագ մի փոքր աջակցությունը, որը քիչ թե շատ զգալի է միայն երրորդ երեխայի դեպքում, ու նաեւ ամսական 18 հազար դրամ նպաստ, որն էլ ստանալու համար պահանջվում են բազմաթիվ թղթեր ու տեղեկանքներ, պահանջվում է դիմանալ սոցիալական ծառայության աշխատակիցների մուննաթին: Ընդ որում, այդ 18 հազար դրամն էլ ստանում են այն մայրերը, որոնք գրանցված են որեւէ աշխատավայրում: Պատկերացնում եք, գործազրկության զգալի խնդիր ունեցող երկրում երեխայի նպաստ են ստանում միայն գրանցված աշխատող մայրերը: Այն դեպքում, երբ շատ գործատուներ էլ հրաժարվում են գրանցել աշխատողներին, լրացուցիչ սոցվճարների բեռից ձերբազատվելու համար: Բայց, նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ նպաստ ստանում են բոլոր մայրերն առանց խտրականության, ապա երեւի թե արժե, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից որեւէ մեկը մի կողմ դնի իր աշխատավարձը եւ բիզնեսից ստացվող եկամուտները, եւ փորձի շարքային քաղաքացու եկամտով եւ 18 հազար նպաստով երեխա պահել ու մեծացնել: Դրանից հետո թող ձեռքները հանգիստ դնեն խղճներին ու ասեն, թե արդյոք դա բավարար չափ է ծնելիություն խրախուսելու համար: Ակնհայտ է, որ այդ հարցը Հայաստանում պահանջում է արմատական վերանայումներ թե ծննդաբերության պրոցեսի, թե հետագա թղթաբանության հաղթահարման, թե նաեւ ֆինանսական խրախուսման մեխանիզմների տեսանկյունից: Անհապաղ անհրաժեշտ է մտածել եւ քայլեր կատարել երեխաների նպաստի չափն էապես մեծացնելու՝ առնվազն հնգապատկելու մասին: Հայաստանում տարեկան ծնվում է մոտ 40-45 հազար երեխա: Դա կնշանակի, որ առկա 18 հազար նպաստը հնգապատկելու համար տարեկան կպահանջվի 4 միլիարդ 50 մլն դրամ: Թիվն իհարկե քիչ չէ, բայց ծնելիության խթանման գերկարեւոր խնդրի լուծման համեմատ, պահանջվող փողն արդեն այնքան էլ ահռելի չի երեւում, հատկապես եթե նկատի ունենանք, որ կառավարությունն օրինակ կարող է որոշում կայացնել 100 միլիոն դրամ հատկացնել երկու բիոզուգարանների, կամ կարող է տարիներ շարունակ փող բաժանել 500 հազար գոյություն չունեցող թոշակառուների: Կամ, օրինակ, բավական է ընդամենը վերցնել Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների ցանկը՝ թե որ պետական կառույցում որքան փող են չարաշահել, եւ դրա մի քանի էջից հետո պարզ կլինի, որ երեխաների նպաստը հնգապատկելու համար պահանջվող 4 միլիարդը գտնելը մեղմ ասած իրատեսական է: Անհրաժեշտ է անհապաղ մեծացնել վերահսկողությունը ծննդատներում, որպեսզի բացահայտվեն թե կոռուպցիոն ռիսկերը, թե նաեւ ծննդկանների հանդեպ վերաբերմունքի դրսեւորումները, որպեսզի դրանք կախված չլինեն ծննդկանի սոցիալական վիճակից: Դա էլ կպահանջի փող, քանի որ դրա համար պետք է վերահսկողության բարձրացմանը զուգահեռ, մտածել նաեւ անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մասին: Բայց, իշխանությունը հեշտ որոշումների եւ լուծումների համար չէ, որոնք կարող են նաեւ իրենք իրենց գտնվել: Իշխանությունը հենց բարդ լուծումների համար է, հետեւաբար պետք է կարողանալ գտնել այդ լուծումներն ու իրականացնել, հատկապես երբ խոսքը պետության համար ռազմավարական կարեւորություն ներկայացնող ոլորտի մասին է: Առնվազն տարօրինակ է, որ ծնելիության խթանման հարցում փողի բացակայությունից բողոքի մի իշխանություն, որի ներկայացուցիչները երթեւեկում են մեծահարուստներին վայել անձնական մեքենաներով եւ ապրում ու հանգստանում են մեծահարուստներին վայել պայմաններում: Դե, իսկ վերջում, վատ չէր լինի էապես նվազեցնել թղթաբանությունը, երբ նորածնի հայրը կամ մայրը ստիպված են երեխայի վերաբերյալ փաստաթղթերի, կամ հենց միանվագ վճարը ստանալու համար վազվզել գերատեսչությունից գերատեսչություն, թղթեր տանել բերել, հետո էլի տանել ու հետ բերել: Շատերը հենց միայն այդ վազքից հետո որոշում են այլեւս երկրորդ երեխան չունենալ, որովհետեւ ինը ամիս տեւում է հղիությունը, եւ մոտավորապես այդքան էլ հարկ է լինում դրանից հետո վազվզել երեխայի տարբեր փաստաթղթերի համար: Մինչդեռ, այդ ամենը շատ հանգիստ, միանգամայն արագ հնարավոր է լուծել հենց ծննդատանը՝ եթե ստեղծվեն հատուկ բաժիններ, որտեղ երեխայի ծննդից մինչեւ ծննդկանի դուրս գրվելը այդ ամբողջ փաստաթղթաբանությունը կավարտվի եւ այլեւս հարկ չի հորը կամ մորը բան ու գործ թողած վազվզել: Կարելի է պատկերացնել, թե օրինակ ինչ բարդություն է դա այն մայրերի համար, որոնք միայնակ են: Իսկ դրանք, հատկապես այժմ, կարծես թե քիչ չեն: Հայաստանում ծնելիության ցուցանիշը դրական միտումի բերելու ռազմավարական խնդիրը պահանջում է այդ համալիր քայլերը, ընդ որում անհապաղ, եւ թերեւս խնդիրն այնպիսին է, որ դժվար է ընդունել որեւէ առարկություն: Դրան առարկելը թերեւս հավասարազոր կլինի բանակի գոյությանը առարկելուն: Հայաստանը պարտավոր է համալրել նորածինների բանակը՝ անկախ իհարկե սեռից եւ հորոսկոպից: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: