Monday, February 6, 2012

«Թող ապացուցեն Ցեղասպանության փաստը, և մենք ներողություն կխնդրենք». Բաղըշ

Tert.am. 6-2-2012- Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանության` փաստերով ապացուցման դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի հայերից»: Ինչպես հաղորդում է անգլալեզու Todayszaman.com կայքը, Բաղըշը նման հայտարարությամբ հանդես է եկել արաբական Al Jazeera հեռուստաալիքի հետ զրույցում: Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը, թուրք պաշտոնյան ասել է. «Եթե դա (Հայոց ցեղասպանությունը) պատմականորեն և գիտականորեն, և որ ավելի կարևոր է, միաձայն ճանաչվի որպես իրական փաստ, ապա ինչու ոչ»: Բաղըշն այնուհետ հավելել է, թե իբր յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ մութ պահեր կան. «Կարո՞ղ եք նշել մի ժողովրդի, որն իր պատմության մեջ չունենա մութ էջեր, կամ ցավ»: Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ թուրքական կողմը պատմության արխիվները բացելու և ուսումնասիրություն անցկացնելու առաջարկով դիմել էր հայկական կողմին, ինչը, սակայն, մերժվել էր: «Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը խիզախություն չունեցավ ընդունել այդ առաջարկը»,-հայտարարել է նա: Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունմանը` Բաղըշն ասել է, թե դա Թուրքիայի համար «առոչինչ է»:

No comments: