News.am. 24-3-2012- Ինչ էլ որ անեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ինչպես էլ փոխեն ձեւաչափը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին, բոլոր գործողություններն անիմաստ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, ինչպիսի որոշումներ էլ ընդունվեն առկա գործընթացի շրջանակներում, դրանք ոչ լեգիտիմ են լինելու:
«Ճանաչված կամ չճանաչված հանրապետություն… Այնտեղ ընտրություններ են ընթանում, դրանց դիտորդներ են մասնակցում, մարդիկ ապրում եւ պետականություն են կառուցում: Դա ուղղակի անհնար է հաշվի չառնել: Ուստի այսօր Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ փաստացի կողմերից մեկն է»,- ընդգծել է փորձագետը:
Մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագիծը` Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ ՄԽ-ում Եվրամիությանը հանձնելու վերաբերյալ, փորձագետը նշել է, թե տարբերություն չկա, թե ով կմասնակցի որոշումների ընդունմանը, քանի դեռ այդ որոշումներն ապօրինի են: «Առանց Ղարաբաղի ցանկացած որոշում ուժ ունենալ չի կարող»,- նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլ դրույթների, առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի Եվրամիությունը:
Նշենք, որ փաստաթուղթը դեռեւս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մեկ ամսից։
Saturday, March 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment