Thursday, April 5, 2012

Թուրքիայում 103 տարում 112 լրագրող է սպանվել. 33-ը հայ

Tert.am. 4-4-2012- Թուրքիայում 1909 թ.-ից մինչ օրս 112 լրագրող է սպանվել: Նրանց մեջ շատ են ազգությամբ հայերն ու քրդերը: «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմի» մամուլի խոսնակ Նեջաթի Աբայը ներկայացրել է 1909 թ.-ից մինչև հիմա սպանված լրագրողների ցուցակը: Թուրքիայում սպանված առաջին լրագրողը եղել է Հասան Ֆեհմին, ում մահվան օրն էլ ` ապրիլի 6-ին` կազմակերպությունը նշում է որպես «սպանված լրագրողների հիշատակի օր»: 1909 թ.-ի ապրիլի 6-ից մինչ օրս Թուրքիայում թիրախում են թուրքական և քրդական լրատվամիջոցները, ընդդիմադիր թերթերն ու լրագրողները, ասել է Աբայը: Լրագրողների մեծ մասը սպանվել է 1970-ական, 1980-ական և 1990-ական թվականներին: Հայ գրողների ու լրագրողների մեծ մասը սպանվել են 1915 թ.-ի ընթացքում, միակ բացառությունը 2007 թ. հունվարի 19-ին սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքն է, ով Թուրքիայում սպանված 33-րդ հայազգի լրագրողն է: «1915 թ-ի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված և աքսորված 220 հայ մտավորականների,մեջ 32 լրագրող և գրող կար: Նրանք բոլորն էլ սպանվեցին աքսորի ընթացում ` Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Սարգիս Մինասյան, Արմեն Դորյան, Ռուբեն Զարդարյան: Նրանցից շատերի գերեզմաններն անգամ հայտնի չեն: 2007 թ-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը այդ թիվը 33-ի հասցրեց», - ասել է Նեջաթի Աբայը: 1990-1994 թվականների ընթացքում 18 քուրդ լրագրող է սպանվել: 1992 թ.-ի մայիսի 30-ին ստեղծված և 1994 թ-ի ապրիլին փակված «Ազատ օրակարգ» թերթը հարձակումների թիրախում էր: Կազմակերպությունը նաև հրապարակել է 112 հոգուց բաղկացած ցուցակը:

No comments: