Thursday, April 26, 2012

Գիտությանն ու մշակույթին “սպանել”-ը մերօրյա ապրիլի 24 է

«Լրագիր» 25-4-2012- Երեկ բոլորս նշում էինք հայոց Մեծ եղեռնի 97-րդ տարելիցը: Սակայն եկեք հիշենք, թե ինչ եղավ 1915 ապրիլի 24-ին և փորձենք համեմատականներ տանել այսօրվա իրականության հետ: 20-րդ դարի սկզբում հայերս Օսմանյան Թուրքիայում բավականին զարգացած ազգ էինք: Զարգացած էինք բոլոր առումներով` գիտություն, մշակույթ, կրթվածություն, արդյունաբերություն, ճարտարագիտություն, բժշկություն և այլն: Այդ զարգացվածությամբ մեզ զիջող թուրքերին բավականին դժվար էր ապրել մեզ հետ, բայց նաև հեշտ չէր լինի բնաջնջել մի ազգի, որն ուներ գիտական, մշակութային, բիզնես և բժշկական բազմաթիվ հեղինակություններ, որոնք, ըստ էության, ազգի էլիտան ու գլուխն էին: Ակնհայտ էր, որ ազգին բնաջնջելու համար սկզբից պետք էր զրկել մեզ ինտելեկտուալ էլիտայից և ապա նոր անցնել լայն զանգվածներին, ինչը և արվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ ձերբակալվեցին շուրջ 2350 հայ մտավորականներ: Այդ գլխատումից հետո եղավ այն, ինչ եղավ և հայ ազգը կորցրեց իր դիմադրողականությունը: Այսօր բազմաթիվ ընդդիմադիրներ մեղադրում են իշխանություններին “սպիտակ եղեռնի” մեջ` մատնացույց անելով արտագաղթի թվերը: Սակայն մեր իշխանությունների մեղսագործությունը շատ ավելի դաժան է, քան արտագաղթը: Շուրջ 20 տարի առաջ Հայաստանում կար համարյա 30 հազար գիտնական, մեծ թվով մշակութային գործիչներ և այլ մտավորականներ: Մենք բարձր ինտելեկտուալ ազգ էինք, որը կարողացավ անհավանական կերպով հաղթել Արցախյան պատերազմը: Այժմ գիտնականների ու այլ ինտելեկտուալների քանակը, փաստացի, շուրջ 10 անգամ նվազել է և գրեթե առ ոչնչի է վերածվել ինժեներների խավը, այսինքն, ազգի ինտելեկտուալ անկումը զգալի է ու հասել է ողբալի մակարդակի: Եթե փորձենք տեսնել, թե ինչպիսին է մեր իշխանությունների մոտեցումը գիտության և մշակույթի ֆինանսավորման հարցում, ապա կտեսնենք, որ այն, չեմ վախենա այդ բառից, սպանիչ է: Գիտության ոլորտում այն այնպիսին է, որ մարդ չուզենա գիտությամբ զբաղվի, իսկ եթե ուզենա էլ` ապա Հայաստանից դուրս: Մշակույթի ֆինանսավորումը, նույնպես, այնքան քիչ է, որ ջազ ու ռոք սիրող երգիչը ռաբիս է երգում, որ սոված չմնա, իսկ թատրոնների դերասանները սերիալներում են խաղում: Իշխանություններին բազմիցս է բացատրվել, որ գիտությունը և մշակույթը պետք է ֆինանսավորել առանց առևտրային մոտեցումների: Բազմիցս մատնացույց են արվել այդ գումարների աղբյուրները: Բազմիցս հիմնավորվել է, որ եթե ֆինանսավորման չափը չմեծանա, ապա մենք կարձանագրենք հայրենական գիտության վախճանը: Սակայն ֆինանսավորման ավելացումը ոչ միայն չկա, այլ նաև չի էլ սպասվում: Այսինքն, հստակ երևում է, որ իշխանությունները չեն ցանկանում ավելացնել գիտության ֆինանսավորումը, ինչով նպաստում են Հայաստանում գիտության վախճանին: Մեր երկրում ինժեներ-դասակարգի բացակայության ֆոնին ինտելեկտուալ դասակարգ են մնացել հիմնականում մշակութային գործիչներն ու գիտնականները: Վերջիններս ծերացող դասակարգ են և այս տեմպերով մի 5-10 տարի հետո ի սպառ կվերանան: Ինտելեկտուալ դասակարգի սպառմամբ հայ ժողովուրդը կկորցնի իր պաշտպանունակությունը, ինչը, առաջին հայացքից, ձեռք է տալիս մեր իշխանություններին, իսկ իրականում` ձեռք է տալիս մեր պետության վրա աչք դրած թշնամիներին: Մեր երկիրը կդառնա ասիական մի աղքատ (քանի որ նույնիսկ նավթ ու գազ էլ չունենք) երրորդ աշխարհի երկիր, որը նստած կլինի աշխարհից ողորմություններ ստանալու հույսին: Այսինքն, մեր իշխանությունների իրականացրած “սպիտակ եղեռնը” արտահայտվում է ոչ միայն արտագաղթով, այլ նաև ազգի ինտելեկտազրկմամբ, որը, ինչպես ասացի, մենք մի անգամ տեսել ենք ուղիղ 97 տարի առաջ: Դանիել Իոաննիսյան

No comments: