Saturday, April 28, 2012

Թուրք պատգամավորն արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելու մասին առաջարկին

Panorama.am. 27-4-2012- Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության
խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը կոշտ արձագանք է տվել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցության` ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի վշտակցության օր» հռչակելու մասին առաջարկին: Ըստ թուրքական «Սոն դաքիքա» (Son dakika) լրատվական կայքի` Վուրալը «BDP»-ականների այդ առաջարկը բնորոշել է որպես թուրք ժողովրդի ճակատը խարանելու միտում ունեցող քայլ և ծանր վիրավորանք թուրք ժողովրդին: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիս ժամանակ: «Այս ժողովրդին ցեղասպան հայտարարելը դավաճանություն է: Ժողովրդի ներկայացուցիչ եմ ասելով անցնում եք խորհրդարան, հետո ապերախտի պես վիրավորում նույն այդ ժողովրդին»,- ասել է Վուրալը` իր խոսքն ուղղելով «BDP» պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերին: Վերջինս էլ հակադարձել է. «Ոչ մի մարդ չպետք է նստի ու մնա մեկ ուրիշի տան գլխին»:

No comments: