«Լրագիր» 27-4-2012- Հայ Յեղափոխական դաշնակցությունն իր ղեկավարների գործունեության արդյունքում ներկայում հայտնվել է բավական երկիմաստ վիճակում: Բանն այն է, որ սերտ կապեր հաստատելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ՀՅԴ-ն ստացել էր քաղաքական ու տնտեսական բավական նշանակալի քվոտաներ: Դրա դիմաց կուսակցությունն անվերապահ աջակցություն էր ցուցաբերում Քոչարյանի բոլոր քայլերին: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 4 տարիների ընթացքում թեեւ ոչինչ չփոխվեց Հայաստանում հաստատված քվոտաների մասով, սակայն ակնհայտ է, որ խորհրդարանի ընտրությունից հետո դրանք վերանայվելու են: Սերժ Սարգսյանը ներկայում ՀՅԴ ղեկավարներին քաղաքական երաշխիքներ չի տվել խորհրդարանում ՀՅԴ ներկայության մասով: Ըստ ամենայնի, նման երաշխիքներ չեն լինի նաեւ տնտեսական ոլորտում: Ըստ այդմ էլ, ՀՅԴ-ն հայտնվել է երկիմաստ իրավիճակում: Կուսակցության ղեկավարության քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ տվյալ երաշխիքները ստանալու համար ՀՅԴ-ն պետք է իր հերթին Սերժ Սարգսյանին երաշխիք տա, որ աջակցելու է նրան 2013 թ. նախագահի ընտրությանը: Հակառակ պարագայում, ՀՅԴ-ն կարող է նաեւ չհայտնվել նոր խորհրդարանում, քանի որ «ազատ ու արդար ընտրության» պարագայում կուսակցությունը, որ սպառել է իր հանրային ռեսուրսը, հնարավոր է չհաղթահարի 5 տոկոսի շեմը: Բանն այն է, որ ՀՅԴ ղեկավարները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչով էին զբաղված Քոչարյանի իշխանության տարիներին, արդյոք նրա մոտ բարձրացրել են այն խնդիրները, որոնք այսօր հնչեցնում են նախընտրական արշավի ժամանակ` արդարություն, հավասարություն, եղբայրություն, տնտեսական ազատություններ, քվոտաների քրեականացված, արատավոր պրակտիկա: Արդյոք կարող են բացատրել, թե ինչպես եւ ինչու են են տեր դարձել այդ քվոտաներին, որը Հայաստանում տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն էր: Չէ՞ որ, հակառակ պարագայում, ներկայիս նախընտրական հռետորաբանությունն ընդամենը պարզ երեսպաշտություն է, որը հանրությունը շատ լավ տեսնում է: Չի բացառվում, որ իշխանության հետ բազմաթիվ գործարքների փորձ ունեցող ՀՅԴ ղեկավարներն այս անգամ էլ գործարքի գնան Սերժ Սարգսյանի հետ, իրենց քաղաքական ու տնտեսական քվոտաները պահպանելու համար: Հնարավոր է, որ դրան չխոչընդոտի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի խորհրդարանում ապահովի իր հանդեպ լոյալ ուժերի ներկայությունը: «Հետո կտեսնենք» սկզբունքով, որն ընդհանրապես թերեւս ներկայիս նախընտրական իրավիճակի մեխն է` բոլորն այսօր պարտիզանությամբ են զբաղված: Իրադարձությունների զարգացման ցանկացած պարագայում, ՀՅԴ-ին սպասում է հեղափոխություն: ՀՅԴ Հայաստանի շարքերը, սփյուռքի եւ Ղարաբաղի ՀՅԴ կառույցները, որոնք մեծամասամբ ազնիվ ու գաղափարական մարդկանցից են կազմված, մտադիր չեն հանդուրժել հեղափոխական կուսակցության ներկայիս նվաստացուցիչ կացությունը: ՀՅԴ ղեկավարները միգուցե հենց սրանից էլ «կառչեն» իշխանության հետ ապագա գործարքներում` պատճառաբանելով, որ իրենք զսպում են այս հսկայական պոտենցիալը, եւ դնում իշխանության տրամադրության տակ, ինչպես անում են արդեն մեկ տասնամյակից ավելի, դրա դիմաց ստանալով քվոտաներ: Սակայն, այս անգամ կարծես թե դա չի աշխատելու, եւ անկախ նրանից` ՀՅԴ-ն կհայտնվի նոր խորհրդարանում, թե ոչ, հեղափոխական կուսակցությանը սպասվում է հեղափոխություն, եւ այն վերադարձվելու է հայ ժողովրդին: Հայկ Արամյան
Saturday, April 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment