Wednesday, April 25, 2012

Թաքսիմում տեղի ունեցած ցույցին մոտ 5000 մարդ է մասնակցել

Tert.am. 24-4-2012- Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Ցեղասպանության զոհերի հիշատակին
նվիրված միջոցառմանը, ըստ որոշ տեղեկությունների, մոտ 5,000 մարդ է մասնակցել: «Այս ցավը բոլորինս է» գրված է եղել թուրքերեն, հայերեն, քրդերեն և անգլերեն լեզուներով ցուցապաստառների վրա: Միջոցառման մասնակիցները նաև հարգել են 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի հիշատակը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, նաև` պատգամավորներ,հայտնի լրագրողներ, դասախոսներ, արվեստագետներ ու մտավորականներ: Նմանատիպ ակցիա անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ, սակայն մարդկանց քանակով այս անգամն աննախադեպ է եղել: «Ժողովրդի փրկություն» կուսակցության անդամ մոտ 30 երիտասարդներ փորձել են խանգարել ցույցը և ռասիստական արտահայտություններով փորձել են սադրել հավաքվածներին: Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, «Ընդդեմ ռասիզմի և ազգայնականության» և «Մարդու իրավունքների պլատֆորմ» կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել նաև Ստամբուլի թուրքական և իսլամական արվեստների թանգարանի մոտ: Հավաքվածները ծաղիկներ են թողել ի հիշատակ 1915թ.-ի ապրիլի 24-ին աքսորված հայ մտավորականների հիշատակին, իսկ ավելի ուշ քայլերթ է կազմակերպել դեպի Սևակ Շահին Բալըքչըի գերեզման: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Անկարա, Իզմիր և Բոդրում քաղաքներում:

No comments: