Wednesday, April 25, 2012

Ցեղասպանության մասին թուրքերի պատրաստած ֆիլմը կցուցադրվի Al Jazeera-ի եթերում

Tert.am. 24-4-2012- Թուրք, հայ և ամերիկացի պատմաբանների խոսքի հիման վրա Sencer Film
ընկերությունը Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել: 48 րոպե տևողությամբ ֆիլմում տարբեր կողմերի տեսակետներն են: «Համատեղ ցավ 1915» ֆիլմն այսօր կցուցադրվի այսօր` Al Jazeera արաբական հեռուստաընկերության եթերում: 10 օր հետո պատրաստ կլինի և կցուցադրվի նաև ֆիլմի անգլերեն տարբերակը: Վավերագրական ֆիլմում ներառվել են 5 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի մեկնաբանությունները: «1915 թ-ից հետո Ցեղասպանության թեմայով անթիվ գրքեր, ֆիլմեր ու վավերագրություններ են ստեղծվել: Հայերն ու արևմուտքը այն «ցեղասպանություն» են որակել, ոմանք ճանաչել են Ցեղասպանությունը, ոմանք էլ, անգամ, դրա ժխտումը քրեականացնող օրենքներ են ընդունել»,- գրում է թուրքական «Ռադիկալը»: Ֆիլմի ռեժիսոր Ռամազան Մութը պարբերականին հայտնել է, որ այս աշխատանքը աննախադեպ է և «ավելին է, քան թուրքական քարոզչությունը»: «Այս ֆիլմում երկու կողմերն էլ իրենց տեսակետներն են ներկայացնում և միասին փնտրում ենք, թե «ի՞նչ է տեղի ունեցել 1915 թ-ին» հարցի պատասխանը: Իսկ դատողությունները թողնում ենք հեռուստադիտողին»,- ասել է նա: Ֆիլմում ներառվել է նաև Հրանտի Դինքի ռեպորտաժներից մեկը, որտեղ Դինքը երկու կողմերին ուղղված կոչով է հանդես գալիս: «Մենք երկու հիվանդ ժողովուրդ ենք` հայեր ու թուրքեր: Հայերը մեծ տրավմաներ են ապրում, իսկ թուրքերը երկվություն: Սակայն ո՞վ է բուժելու մեզ` Ֆրանսիայի՞ Սենատը, ԱՄՆ-ի՞ Սենատը: Ո՞վ է տալու դեղատոմսը, ո՞վ է մեր բժիշկը: Հայերը թուրքերի, իսկ թուրքերը հայերի բժիշկներն են: Մեզանից բացի բժիշկ կամ դեղատոմս չկա: Երկխոսությունն է մեր դեղատոմսը»,- ասել էր Դինքը:

No comments: