Wednesday, April 25, 2012

Ապշում եմ, որ թուրքերի նոր սերունդը ապրում է ագրեսորների, բարբարոսների, հանցագործների դրոշմով. Ռիմա Վարժապետյան

Tert.am. 24-4-2012- Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանին ապշեցնում է
այն, որ թուրքերի նոր սերունդը շարունակում է ապրել՝ իր վրա կրելով նախնիների իրականացրած հանցագործության դրոշմը: «Ապշում եմ, որ թուրքերի նոր սերունդը , որոնց նախնիները ցեղասպանություն են կատարել, ապրում է ագրեսորների, բարբարոսների, հանցագործների դրոշմով: Նրանք պետք է իրենց վրայից հանեն այդ կեղտը, որ թեթևացնեն իրենց հոգին և, իհարկե, նրանք պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրեն հայ ժողովրդից»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նա կարծում է, որ ժամանակները փոխվում են, ուստի պետք է փոխվի նաև մարդկանց մտածելակերպը: Սակայն թուրքերը, չընդունելով Հայոց ցեղասպանությունը, Ռիմա Վարժապետյանի բնորոշմամբ, դեռ ապրում են անեծքի մեջ. «Սերունդները փոխվել են, ժամանակները փոխվել են, մարդիկ պետք է ապրեն օգնելով, ոչ թե ոչնչացնելով միմյանց, սա ցույց կտա նրանց քաղաքակրթությունը, իսկ նրանց նախնիների կատարած ոճրագործությունը ապացուցման կարիք չունի, քանի որ արդեն ապացուցվել է: Այդ ազգն ապրում է անեծքի մեջ»,- ասաց Վարժապետյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում հրեական համայնքը ընդունել ու դատապարտել է հայերի ցեղասպանությունը. «Ես և հրեական համայնքը ընդունում ենք այդ ողբերգությունը որպես ցեղասպանություն, անկեղծորեն ցավում ենք և ամեն ինչ անում ենք, որ աշխարհն ընդունի այն որպես ցեղասպանություն»: Հարցին, թե ինչո՞ւ Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը ` որպես Հոլոքոստ ապրած երկիր, Ռիմա Վարժապետյանն ասաց, որ իրականում հրեա ժողովուրդն ընդունում է, ինչ վերաբերում է երկրին, ապա հույս հայտնեց, որ այն ևս վաղ թե ուշ կընդունի: «Կգա ժամանակը և կընդունեն, մենք մեծ հույս ունենք, որ կընդունեն, քանի որ ժողովուրդը հասկանում է ամեն ինչ և ընդունում է, իսկ մնացածը՝ մեծ քաղաքականություն է»,- նկատեց հրեական համայնքի ղեկավարը: Ռ. Վարժապետյանը նաև նշեց, որ հայկական կողմը պետք է ակտիվորեն աշխատի Հայոց ցեղասպանության փաստի մասին ամբողջ աշխարհին տեղեկացնելու ուղղությամբ: «Պետք է ամեն ինչ անել, որ բոլորն իմանան, պետք է գումարներ ներդնել տարբեր սեմինարների, հրատարակությունների, պրոպագանդայի մեջ: Լռել չի՛ կարելի»,- ընդգծեց Վարժապետյանը: Հրեական համայնքի ղեկավարը հայտնեց նաև, որ հրեական համայնքի և ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչներն արդեն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

No comments: