
«Լրագիր» 2-4-2012- ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան շարունակելու են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Շարունակելու ենք պահանջել, գտնել ճիշտ բանաձևը, հրադադարի խախտումների դադարեցման մեխանիզմերի ներդրման ուղղությամբ աշխատանքները: Շարունակելու ենք կողմերին պահել սեղանի շուրջ, քանի որ դա ավելի լավ է, քան միասին սեղանի շուրջ չնստելը:
Փորձելու ենք վերջ դնել խախտումներին, խաղաղություն ապահովել ժողովուրդների համար, երկարաժամկետ խաղաղություն հաստատել»,- այսօր ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով նրանց հարցերին, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա նշեց, որ Մինսկի խմբի շրջանակում իրենք շատ ակտիվ են, իսկ համանախագող երկրների նախագահները հրապարակավ առաջ են մղել այն գաղափարները, որ պաշտպանությանն ուղղված ծախսերը պետք է կայունացվեն, սպառազինությունների կրումը պետք է չափավորվի, հրադադարի ռեժիմը պահպանվի, և ժողովուդրդները նախապատրաստվեն հակամարտության իրատեսական լուծմանը:
«Մենք` որպես արտաքին սուբյեկտներ, ամեն ինչ անում ենք, որ կողմերը հասնեն այդ հանգուցալուծմանը: Հիմա կողմերի հետ աշխատում ենք, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների վրա: Եղել են ժամանակներ, երբ կարծել ենք, թե մոտ ենք համաձայնությանը, բայց դեռ չենք հասել դրան: Մենք մի երկու անգամ կարծեցինք, թե համաձայնություն կա, մեզ թվաց, թե կա պայմանավորվածություն այս հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք հանրահայտ են և այն տարրերն են, որոնք, մեր կարծիքով, վերջնական համաձայնության մեջ պետք է արտացոլվեն»,- ընդգծեց դեսպանը:
No comments:
Post a Comment