Monday, April 30, 2012

Տարոնի հետ կխոսեն օրենքով

«Լրագիր» 30-4-2012- Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը, պարզվում է, այս տարվա փետրվարի 16-ին նամակ է ուղարկել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, որում գրում է, թե Մաշտոցի այգում տաղավարների տեղադրմանը խանգարում են մի խումբ մարդիկ, եւ խնդրել է ոստիկանապետի աջակցությունը՝ <օրինական շինարարության բնականոն ընթացքն ապահովելու համար>: Հենց այդ ժամանակվանից ոստիկանությունը հայտնվեց Մաշտոցի այգում, ապահովելու համար Տարոն Մարգարյանի անօրինական գործունեությունն ընդդեմ Երեւանի եւ երեւանցիների: Մինչ օրս Մարգարյանը որեւէ փաստաթուղթ ցույց չի տվել, որ այդ շինարարությունն օրինական է: Մի անգամ նա հայտարարեց, որ պաշտպանում է սեփականության սահմանադրորեն ամրագրված իրավունքը, սակայն այդպես էլ հանրությանը որեւէ փաստաթուղթ չներկայացվեց, որտեղ նշված լինեին սեփականատերերը: Փոխարենը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արդեն երկու ամսից ավելի անօրինական հրամաններ է կատարում, պահպանելով անօրինական տաղավարները: Նույնքան ժամանակ, Հայաստանի մի խումբ ինքնորոշված քաղաքացիներ, իրենց կյանքի ու առողջության գնով փորձում են թույլ չտալ այգու ոչնչացումը: Ակտիվիստները հրապարակեցին քաղաքացիական դատարանի որոշումը, ըստ որի, համաձայն Հայաստանի օրենքների, անօրինական կառույցները պետք է ապամոնտաժվեն: Հայաստանի մի խումբ քաղաքացիներ որոշում ընդունեցին կատարել քաղաքացիական դատարանի որոշումը, կազմավորել բրիգադներ եւ ձեռնամուխ լինել ապամոնտաժման աշխատանքներին: Ոստիկանությունը, կատարելով անօրինական հրամանը, խոչընդոտում է ապամոնտաժման աշխատանքներին: Բրիգադների 4 անդամների դեմ վարույթ է հարուցվել, իսկ այսօր էլ ձերբակալվեց անդամներից մեկը: Բացի այդ, այսօր ոստիկանությունը բռի ուժ է կիրառել երիտասարդ ակտիվիստների դեմ, նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերոհիշյալ փաստաթուղթը բավական է, որպեսզի եզրակացվի, որ Հայաստանի պետական կառավարման երկու կարեւորագույն մարմիններ՝ ոստիկանությունը եւ Երեւանի քաղաքապետարանը, ներկայում դուրս են օրենքից: Թեեւ, դա զարմանալի չէ, քանի որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը դա չի թաքցրել՝ նա ասել է, որ իր հետ օրենքով չխոսեն: Եւ նա նման բան ասելու բոլոր հիմքերն ուներ: Բանն այն է, որ Տարոն Մարգարյանն իր կարճատեւ պաշտոնավարման ընթացքում արդեն լուրջ խնդիրներ ունի օրենքի հետ: Բացի այն, որ նա անօրինական գործունեություն է ծավալել այգում, կան տեղեկություններ, որ անօրինական տաղավարների մի մասը պատկանում է նրան: Իր հերթին, այդ տաղավարները տեղադրվում են բյուջեի միջոցների հաշվին: Ավելին, Տարոնը մտադիր է ավելացնել տաղավարների քանակն այգում, բացի այդ՝ կանաչ հատվածի հաշվին կառուցել ավտոկանգառ: Եւ այդ գործընթացի <բնականոն ընթացքը ապահովելու համար> ներգրավում է ոստիկանությունը: Տարոն Մարգարյանը կրում է այգում տեղի ունեցող անօրինականության եւ ոստիկանության անօրինական գործողությունների ողջ պատասխանատվությունը: Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն` ընդհանուր 6 հազար 251 ք/մ մակերեսով: Երևանի քաղաքապետը հայտարարագրել է նաև բնակարան Թումանյան փողոցում` 190 ք/մ մակերեսով, Ջերմուկ քաղաքում` անշարժ գույք 258 ք/մ մակերեսով, հողամաս Դիլիջանում` 6 հազար 365 ք/մ մակերեսով: Նա ունի երեք ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G 500», «Մերսեդես Տ 450» և «Ռենջ-Ռովեր սուպեր չարջ» մակնիշների 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշվեհամարներում ունեցել է 115 մլն դրամ, 50 հազարական եվրո և դոլար: Լավ է դասավորվել Տարոնի կյանքը՝ այսքան երիտասարդ, ու այսքան հայտարարագրված կարողության տեր, Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը, բանակում չի ծառայել, ոստիկանությունն էլ պաշտպանում է բյուջեի փողով կառուցվող անօրինական սեփականությունը:

No comments: