Wednesday, April 4, 2012

Փող եւ քաղաքականություն

«Լրագիր» 4-4-2012- Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրության վերաբերյալ դատողություններում թերեւս բաց է թողնվում ընտրության եւ քաղաքական պայքարի կարեւորագույն հիմքերից մեկը՝ փողը, այսինքն ֆինանսական ռեսուրսը, կապիտալը: Այդ ռեսուրսը քաղաքական պայքարի առանցքային գործոններից մեկն է ամբողջ աշխարհում, եւ այստեղ որեւէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա: Խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում կամ այսպես ասած քաղաքակիրթ աշխարհում այդ ռեսուրսի օգտագործումը հստակ կանոնակարգվում է օրենքով, դրված է առավելագույնս թափանցիկ հիմքի վրա եւ զգալիորեն վերահսկելի է: Հայաստանում իրավիճակն այլ է: Հայաստանում էլ փողը, հանդիսանալով քաղաքական պայքարի, ընտրական գործընթացի կարեւորագույն ռեսուրս, գրեթե բացարձակապես չի ենթարկվում վերահսկողության: Պարադոքսն այն է, որ այդ ռեսուրսը շրջանառվում է բավական բաց, հրապարակային, բոլորը տեսնում են դրա շարժը, բայց այն չի ենթարկվում օրենսդրական հստակ կանոնակարգման: Դրանից բացի, Հայաստանի ընտրական եւ քաղաքական գործընթացներում փողի պարագան առաջացնում է նաեւ մեկ այլ խնդիր: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում գոյություն ունի կապիտալի գրեթե մենաշնորհում: Հայաստանում կապիտալի հսկայական մասը տիրապետում է իշխանությունը՝ պաշտոնյա օլիգարխները, նրանց մերձավոր օլիգարխները, նրանց մերձավոր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Այսինքն, Հայաստանում փող ունի առավելապես իշխանությունը, քանի որ տնտեսությունը մոնոպոլացված է, օլիգոպոլացված, հստակ քվոտավորված, այդ քվոտաները բաժանում է իշխանությունը եւ միայն յուրայիններին: Այլ կերպ ասած, բիզնեսի եւ իշխանության սերտաճման ահռելի բարձր մակարդակը Հայաստանում կապիտալը գերկենտրոնացրել է իշխանական դաշտում: Դա արդեն իսկ չեզոքացնում է երկրում արդար քաղաքական եւ ընտրական գործընթաց կազմակերպելու հնարավորությունը, որովհետեւ մի կողմը՝ իշխանությունը, ունի շատ փող եւ այն օգտագործում է իր դիրքերի ամրացման համար, իսկ մյուս կողմը՝ ընդդիմությունը, այդ փողի հայթայթման լուրջ խնդիրների առաջ է եւ հաճախ այդ խնդիրը լուծելու համար նույնիսկ գործարքի է գնում իշխանական այս կամ այն շրջանակի հետ: Իսկ փողի դերակատարումն էական է, քանի որ այն օբյեկտիվորեն անհրաժեշտ է առավել արդյունավետ կազմակերպվելու, քարոզչական առավել արդյունավետ գործընթաց իրականացնելու համար: Հետեւաբար, քանի դեռ Հայաստանում կա բիզնեսի եւ իշխանության սերտաճում, քանի դեռ տնտեսության մեջ գործում են մոնոպոլիաներ, օլիգոպոլիաներ, քվոտավորման հստակ համակարգ, անիմաստ է խոսել երկրում արդար ընտրական եւ քաղաքական գործընթացի մասին: Արդար գործընթացը պահանջում է հավասար տնտեսական բազայի հնարավորություն, երբ տնտեսվարումը երկրում պրակտիկորեն հենվում է Սահմանադրության եւ օրենքների ընձեռած ազատությունների եւ իրավունքների վրա, ոչ թե այդ ամենը որոշվում է իշխանական գրասենյակներում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: