Wednesday, April 4, 2012

Թուրքիան հայերին փորձում է ընդգրկել հակահայկական արշավի մեջ

Zham.am. 4-4-2012- «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը կազմակերպել է արշավ՝ թուրքերի ու հայերի միջև «բարեկամանական» հարաբերություններ ստեղծելու նպատակով: Այն կոչ է անում հայ համայնքին միանալ այդ արշավին: Թուրքիայի հյուպատոսարանը ձգտում է ներգրավել համայնքի ղեկավարներին, ձեռնարկատերերին, գործարարներին՝ մարդկանց, ովքեր, ըստ իրենց, կնպաստեն Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ստեղծելով համագործակցության շինծու մթնոլորտ: «Իրականում սա շատ վտանգավոր նախաձեռնություն է, որը խորը արմատներ է գցել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Կասկածների տեղիք է տալիս նաև ընտրված ժամանակը՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեին. Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի թաքցնի իր կատարած հանցագործությունը՝ ներգրավելով ԱՄՆ-ի հայ համայնքը: Թուրքիայի հյուպատոսարանը օգտագործում է իր բոլոր կապերն ու լծակները հայերի հետ կապ հաստատելու համար. «Դժբախտաբար կան մարդիկ, ում համար ֆինանսական գործոնը ավելի կարևոր է, քան Հայկական հարցի արդար լուծումը՝ մասնավորապես ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս մարդիկ կարող են ծառայել որպես բանագնաց այս զզվելի նախաձեռնությունում», - գրում է Ասպարեզը: Ըստ աղբյուրի` զուգահեռ գործում են նաև ֆինանսաական լուրջ միջոցներ ստացած կազմակերպություններ՝ այսպես կոչված «կամուրջներ», որոնք փորձում են ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը նմանատիպ նախաձեռնություններում: Հայաստանի ԱԳՆ-ն իր դեսպանատան, հյուպատոսարանի միջոցով նույնպես կարող է մասնակցել այս գործընթացում և դատապարտել այս նախաձեռնությունը, որը միտված է պառակտելու ԱՄՆ-ի հայ համայնքը, – ընդգծում է Ասպարեզը:

No comments: