Tuesday, April 24, 2012

Դա ցեղասպանություն էր, պարո՛ն վարչապետ. Թաներ Աքչամ

Tert.am. 23-4-2012- Թուրք պատմաբան Թաներ Աքչամն ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի պնդումներին, թե թուրք ժողովրդին որևէ մեկը ցեղասպան չի կարող անվանել, հիշեցրել է Թալեաթ Փաշայի կողմից ուղարկված 3 հեռագրերը: «Իմ ժողովուրդը ցեղասպանություն չի գործել», «Մուսուլմանների պատմության մեջ ցեղասպանություն չի եղել» ասող վարչապետ Էրդողանին, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը մի քանի հարց է ուղղել: «Երկխոսություն սկսելը չէ նպատակս, պարզապես ցանկանում եմ, որ վարչապետը բացատրություն տա Օսմանյան կայսրության որոշ փաստաթղթերին»,- իր արարքը մեկնաբանել է Աքչամը: Նրա ներկայացրած առաջին հեռագիրը պատկանում է Թալեաթ փաշային և թվագրվում է 1915 թ-ի օգոստոսի 29-ին: Հեռագրում շատ պարզ գրված է. «Օգոստոսի 29-ի դրությամբ հայկական հարցը լուծված կարելի է համարել և այլևս պետք չէ դիմել անհարկի բռնության»: «Հարցս շատ պարզ է, պարոն վարչապետ, 10 տարի է կառավարություն եք ղեկավարում: Ներքին գործերի նախարարը հարկավոր կամ անհարկի բռնությունն ինչո՞ւ է տարանջատում: Որո՞նք են հարկավոր և անհարկի բռնությունների տարբերությունները կամ, երբ ասվում է, որ «խնդիրը լուծված է», ի՞նչ եք կարծում, ի՞նչ խնդրի մասին է խոսքը: 1,5-2 միլիոն հայերի տեղահանեցին, Սիրիայում տեղավորեցին,սակայն ազգային դատի լուծումը պահանջող հայերն ինչպե՞ս հրաժարվեցին իրենց պահանջներից: Բռնի ուժով այլ տեղ տեղափոխվելիս ինչո՞ւ պետք է դադարեր հետապնդել այն: Կամ ի՞նչ է նշանակում «ազգային դատը չհետապնդելու վիճակին հասցնել»,- հարցրել է Աքչամը: Նա մեջբերումներ է արել նաև Նայիմ Բեյի հուշերում է տեղ գտած հեռագրից, որը թվագրվում է 1915 թ-ի նոյեմբերով: Հեռագրի բնօրինակը չի պահպանվել, սակայն հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով այն գոյություն ունի: «Հայերի աքսորը երկրի ապագայի բարեկեցությունն ապահովելու համար է: Քանի որ որտեղ էլ, որ նրանք հաստատվեն, իրենց անիծված մտքերից չեն հրաժարվելու և դրա համար էլ նրանց թիվը հնարավորինս կրճատել ենք»,- ասված է հեռագրում: Թաներ Աքչամի խոսքերով` այսպիսով պարզ է դառնում, որ հայերի թիվը հնարավորինս կրճատվել է` Հայ Դատը հետապնդելու հնարավորություն չտալու համար: Այլ ճանապարհներ նույնպես կիրառվել են: Դրանցից մեկն էլ եղել է հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգության վերացումը: «Դա նույնպես ես չեմ ասում, Թալեաթ Փաշան է ասել: 1916 թ-ի սեպտեմբերի 7-ին թվագրվող փաստաթղթում պատմվում է, թե ինչպես Սիսում գտնվող հայկական կաթողիկոսության գույքը բռնագրավվեց, իսկ կաթողիկոսը աքսորվեց: Ջեմալ Փաշային ուղղված հեռագրում խոսվում է այն մասին, որ Կիլիկիան կաթողիկոսության հսկայական հարստությունները բռնագրավվեցին կամ վերացվեցին: Այս ամենը գուցե մեր վարչապետը չգիտի, բայց մենք գիտենք ու չենք կարող պնդել, որ մեր ժողովուրդը ցեղասպանություն չի գործել: Այս երկրում կատարվածն ինչ-որ մեկն արել է, եթե մենք չենք, ո՞վ է արդյոք»,- գրել է Աքչամը:

No comments: