Tuesday, April 24, 2012

Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը. Գերմանացի գործիչ

Panorama.am. 23-4-2012- Համբուրգում շաբաթ օրը տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 97-ամյակին
նվիրված հուշ երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԳԴՀ «Դաշինք 90/Կանանչներ» կուսակության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց Ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում, ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը և անկաշկանդ քննարկել այն: Ելույթ է ունեցավ նաև ԳԴՀ ալեվիտ համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը: Նա նշել է, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը և դատապարտում թուրքական կառավարության` Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պրն. Թոպրակը նշել է, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք: Ելույթներով հանդես են եկել նաև ԳԴՀ ասորիների միության և ԳԴՀ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը: Ելույթով հանդես է եկել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման ընթացքում «Գայանե» երգչախումբը տիկին Գ. Գրովերի գլխավորությամբ կատարել է հայկական և եվրոպական հեղինակած համարներ: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի և թուրք կատարողներ:

No comments: