Saturday, April 7, 2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր և Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այսօր մենք բարեբանում ենք Սուրբ Կույսին և հայցում նրա գթառատ բարեխոսությունը իր Որդու և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ: Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաև ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգև շնորհները հավիտենական կյանքի: Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը և իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով և բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար: Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ և խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին, և բոլոր տիկնայք ու օրիորդներ Աստվածամոր օրինակով ապրեն բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ: Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքն ու ժողովրդին և պահպանի հավատքով զորացյալ, բարի ու արդար գործերի մեջ հաստատուն:

No comments: