1in.am. 5-4-2012- Պարզվում է Հայաստանում մոտ կես դարում ռուսական ռազմաբազաների առկայությունը չի բավականացնում հայաստանյան իշխանություններին իրենց ռուսասիրությունը ցույց տալու համար, ու այժմ նաև նոր առաջարկ է արվում Ռուսաստանին՝ Հայաստանում կառուցել ռադիոտեղորոշիչ կայան:
Ավելին` հետաքրքիր է, որ այս առաջարկն արվել է հայ-ռուսական 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների պատվին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հենց այս հանդիպումից հետո ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքում ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի շինարարության հարցը, որը կարող է այլընտրանք լինել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանին: Նշենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի ձեռքը ռուսներն իրոք կրակն են ընկել, ու արդեն բավականին ժամանակ է, ինչ շարունակվում են Ադրբեջանի հետ բանակցությունները: Բանն այն է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն իրեն «թանկացնել» գիտի և տևական ժամանակ է ռուսներին «քթից բռնած» է ման տալիս, ու կայանի վարձակալության համար ռուսներից պահանջում է 300 մլն դոլար` ներկայիս 7 միլիոնի փոխարեն: Չնայած այս ամենին, երկու կողմից էլ հնչում են դրական հայտարարություններ, թե ուր որ է բանակցությունները կավարտվեն, և ամեն ինչ լավ կլինի: Օրերս էլ՝ ապրիլի 3-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանում Մամեդյարովի հետ քննարկել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) հարցերը և հայտարարել, որ պետք է արագացնել Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները: Նկատենք, որ Տիգրան Սարգսյանի առաջարկը եղել է մինչ Լավրով-Մամեդյարով հանդիպումը, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի առաջարկը Ռուսաստանը պահելու է որպես պահեստային տարբերակ, քանզի Գաբալան նրա համար առավել կարևոր է` հաշվի առնելով միայն այն հանգամանքը, որ այդ կայանից հեռանալը չի բխում ռուսական շահերից, որովհետև հեռանալու դեպքում այդ տեղը շատ արագ կարող են լրացնել ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ, մասնավորապես` Թուրքիան և ԱՄՆ-ը: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն կօգտագործի ռադիոտեղորոշիչ կայանն Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելիս, ինչն ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանին:
Սակայն այս ամենի մեջ հետաքրքիր է Հայաստանի դիրքորոշումը, և հետաքրքիր է մասնավորապես այն առումով, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ակտիվորեն խոսում են եվրաինտեգրման, Արևմուտքի ծրագրերին մեծ ներգրավվածության մասին, Պենտագոնի հետ ռազմական համագործակցության խորացման առումով որոշիչ քայլեր են արվում, ու չգիտես ինչպես` այս ամենին գումարվում է ռուսական ռադիոտեղորոշիչ կայանին տարածք տրամադրելու առաջարկը, ինչն, ըստ էության, հակասում է դեպի Արևմուտք կարգախոսներին:
Փորձեցինք արևմտյան փորձագետներից ճշտել, թե ինչպիսին կլինի Արևմուտքի դիրքորոշումը, եթե Հայաստանի Ռուսաստանին արված առաջարկն իրականություն դառնա:
Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին կից Բերթոլդ Բեյցի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ Ալեքսանդր Ռաարը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արևմուտքը ոչինչ էլ չի ասի, որովհետև նախ մենք սառը պատերազմի տարիներում չենք ապրում, ավելին՝ Արևմուտքին այդ ռադիոտեղորոշիչ կայանները որևէ կերպ չեն սպառնում, և այդ հարցով որևէ խնդիր Արևմուտքի հետ Հայաստանը չի ունենա, քանզի Արևմուտքն էլ այժմ հզոր կայաններ է կառուցում Թուրքիայում, Ռումինիայում, որոնք տեղավորվում են ՆԱՏՕ-ի ծրագրած հրթիռային անվտանգության շրջանակներում. «Այն, որ Ռուսաստանն ու Հայաստանը հայկական տարածքում ռուսական ՌՏԿ-ներ են ուզում կառուցել, Արևմուտքի համար ո՛չ տաք է, ո՛չ էլ սառը»: Մեր դիտարկմանը, թե Արևմուտքը Հայաստանի հետ որոշակի ծրագրեր ունի, Հայաստանը «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ է և արդյոք այդ ռադիոտեղորոշիչ կայանը, որը փաստացիորեն նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացում, չի՞ խանգարի այդ համագործակցության հետագա զարգացմանը, Ռաարը պատասխանեց. «Պետք չէ չափազանցնել այդ «Արևելյան գործընկերությունը», ավելին՝ ես կարծում եմ, որ այն ընդհանրապես ձախողվել է, մնացել է միայն թղթի վրա: Եվ հետո՝ ի՞նչ է ստացել Հայաստանն «Արևելյան գործընկերությունից»՝ ոչինչ, քանզի հայ-թուրքական սահմանը մինչ օրս փակ է, բայց չէ՞ որ հենց դա էր Հայաստանի հետ կապված «Արևելյան գործընկերության» գլխավոր ծրագիրը, Վրաստանում էլ ժողովրդավարություն չկա, Ադրբեջանում Nabucco-ն չի կառուցվել, այնպես որ, կարծում եմ` «Արևելյան գործընկերության» համար Հարավային Կովկասն այլևս օբյեկտ չէ, և այստեղ չի ստացվում իրականացնել այն ծրագրերը, որոնք դրված էին այդ գործընկերության հիմքերում»: Գերմանացի փորձագետը կարծիք հայտնեց, որ Արևմուտքը այս տարածաշրջանի համար պետք է նոր ծրագիր մտածի:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանում իրականում կարող է ռադիոտեղորոշիչ կայան կառուցվել և այն կարող է լինել այլընտրանք Գաբալային, Ռաարը բավականին իրական համարեց` նկատի ունենալով այն փաստը, որ Ռուսաստանը Կովկասից չի գնա, ու քանի որ Վրաստանի հետ հարաբերությունները թշնամական են, ու եթե Ադրբեջանն էլ շատ մեծ գումարներ պահանջի Ռուսաստանից կամ էլ քաղաքական ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում իր տարածքում ռուսական ռազմական ներկայություն ունենալ, ապա դա կլինի Բաքվի որոշումը. «Հայաստանն այս ամենին այլ կերպ է նայում և, ըստ երևույթին, կտա իր տարածքը Ռուսաստանին, միաժամանակ կստանա աջակցություն Ռուսաստանից` Ադրբեջանի հետ կոնֆլիկտի վերսկսման պարագայում: Այնպես որ, Հայաստանի տեսանկյունից այս ամենը ճիշտ է, բայց հարց է, թե ինչքանով է Ռուսաստանին այսօր պետք այս ամենը: Դա քաղաքական որոշում պետք է լինի, ինչը որևէ կերպ չի ազդի Արևմուտքի վրա, քանզի Արևմուտքն ավելի հետաքրքրված է Իրանով, և դա չի լինի այն թեման, որը կքննարկվի Արևմուտքում»:
Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ (Հարավային Կովկասի, Թուրքիայի, Իրանի և ՌԴ հարցերով), քաղաքագետ Կայծ Մինասյանի կարծիքով էլ` եթե Հայաստանի այդ առաջարկը կյանքի կոչվի, ապա եվրոպացիները կհասկանան, որ ռազմաքաղաքական հենքի վրա թե՛ իրենք, թե՛ ԱՄՆ-ն չեն կարող մրցել Ռուսաստանի հետ. «Եվրոպացիները գիտեն, որ ներկա իրավիճակում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հարցում միակ ուժը Ռուսաստանն է: Եթե նման ծրագիր գործադրվի, եվրոպացիները միայն պետք է ասեն, որ դա բնական է, քանզի Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց սրանով Հայաստանը մի քիչ ավելի պետք է կորցնի իր ինքնիշխանությունը, բայց քանի որ եվրոպացիներն այդ դաշտում Ռուսաստանի հետ չեն կարող մրցել, ապա պետք է անտարբեր լինեն այդ հարցի կապակցությամբ»: Ըստ Մինասյանի` այս հարցով առավել շատ կհետաքրքրվի ՆԱՏՕ-ն, և թերևս ՆԱՏՕ-ի մոտ գաղափար առաջանա, թե արդյոք ժամանակը չէ՞ Հայաստանին ավելի մեծ կարևորություն տալ: Բայց ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, սա ավելի շատ ներքին հարց է և վերաբերում է Ռուսաստանին, Հայաստանին և Ադրբեջանին, որովհետև եթե ԱՄՆ-ն կամ Եվրոպան իրապես ուզենային Հայաստանն օգտագործել որպես տեղորոշիչ կայանի տեղակայման վայր, ապա դա կանեին վաղուց: «Այստեղ մի քանի հանգամանք կա՝ կա՛մ ռուսները պատվիրել են Հայաստանին նման առաջարկ անել, որ բանակցություններում Ադրբեջանն իջեցնի Գաբալայի կայանի վարձակալության գինը, կա՛մ էլ սա Հայաստանի առաջարկն է, որ Ռուսաստանը վերջնականապես հասկանա ու որոշի, թե ով է իր իսկական ու հավատարիմ դաշնակիցը, քանզի Լավրովը հայտարարեց, որ երկուսն էլ դաշնակից են իր համար, և Ռուսաստանը Գյումրիի ռազմաբազայով ու Գաբալայի կայանով ցանկություն ունի պահպանելու հավասարակշռությունը»,- մանրամասնեց Կայծ Մինասյանը:
Մինասյանը նաև նկատեց, որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը չի ընդունի Հայաստանի առաջարկը, քանզի իր համար կարևոր է հավասարակշռության պահպանումը, բացի այդ, ըստ քաղաքագետի, Ռուսաստանի իշխանությունները, կասկածներ ունենալով Սերժ Սարգսյանի պրոարևմտյան քաղաքականության առումով, ցանկանում են Հայաստանի իշխանություններին ընտրություններից մեկ ամիս առաջ որոշակի ճնշման տակ դնել և ցույց տալ, որ այս իշխանությունն այնքան զորավոր չէ, և լավ է, որ կա Ռոբերտ Քոչարյանը կամ էլ Տիգրան Սարգսյանը: Մինասյանը նաև նկատեց, որ զարմանալի է, որ այդ առաջարկն արել է վարչապետը և ոչ թե նախագահը: Ըստ քաղաքագետի` պատճառը, թերևս, այն է, որ Տիգրան Սարգսյանը ցանկանում է մնալ իբրև վարչապետ, քանզի կան լուրեր, որ հնարավոր է Քոչարյանը վերադառնա քաղաքականություն և նշանակվի վարչապետի պաշտոնում, ու նա այդկերպ Ռուսաստանին ցանկանում է ցույց տալ, որ ինքն էլ կկարողանա ծառայել ռուսական շահերին:
Ստոկհոլմի Կենտրոնական Ասիա-Կովկաս և Մետաքսի ճանապարհ կենտրոնի տնօրեն Սվանթե Քորնելը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանն այնքան ամուր է կապված Ռուսաստանի հետ, որ այս առաջարկն իրեն չի զարմացնում և անակնկալ չէ իր համար: Ըստ Քորնելի` եթե անգամ այն իրագործվի, ապա որևէ դրամատիկ փոփոխություն չի առաջացնի տարածաշրջանի շահերի դասավորության մեջ, քանզի երկու տարի առաջ էլ Հայաստանը համաձայնեց էապես ավելացնել Գյումրիի ռուսական ռազմաբազայի Հայաստանում ներկայության ժամկետը. «Այստեղ մտահոգվելու գլխավոր բաղադրիչը ռուսներինն է, որովհետև իրենք Ադրբեջանում են կորցնում իրենց ներկայությունը, ոչ թե Հայաստանում ավելացնում: Եթե մինչև հիմա Ռուսաստանը հավասարապես իր ազդեցությունն ուներ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, այսուհետ դա դառնում է միակողմանի, և Ռուսաստանը զրկվում է ԼՂ հակամարտության գործում իր առանցքային դերակատարությունից»:
Սվանթե Քորնելի կարծիքով` տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար Ռուսաստանը պետք է մտածի Գաբալայի փոխարեն այլ միջոցներով պահպանել իր ազդեցությունը Ադրբեջանում, եթե, իհարկե, ձգտում է ԼՂ հարցում իր դերակատարությունը այսուհետ էլ նույն մակարդակի վրա պահպանել. «Կարծում եմ, որ ռուսները հասկանում են, որ ավելի լավ է վճարել պահանջվող գումարը Գաբալայի համար, քան նոր կայան կառուցել, որովհետև նոր կայան կառուցելը շատ ավելի թանկ է լինելու, նույնիսկ եթե հայերը համաձայնեն անվճար տրամադրել տարածքը: Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ բանակցությունների ձախողումն էլ խոսում է ռուսների բանակցություններ վարելու անընդունակության մասին»:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment