Thursday, April 5, 2012

Թեհրանի ժամանակն անսահմանափակ չէ. Քլինթոն

Tert.am. 5-4-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ Իրանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով արձագանքել Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ իրենց հայտարարություններին: «Թեհրանի ժամանակը սահմանափակ է և պետք է անհապաղ արձագանքի ատոմային զենքի ստեղծման շուրջ միջազգային հանրության մտահոգություններին և նստի բանակցային սեղանի շուրջ», - ասել է նա: Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Իրանի հասցեին հնչող սպառնալիքները Իրանի ուժի և հզորության ապացույցներն են: «Իրանն 8 տարի շարունակ Իրաքում ԲԱԱՍ ռեժիմի հետ պատերազմի ընթացքում մեծ փորձ է ձեռք բերել: Որոշ արևմտյան ուժեր այդ 8 տարիների ընթացքում Իրաքին նորագույն զենքերով էին զինում: Մարդու իրավունքների և ժողովրդավարական համարվող որոշ երկրներ Իրանի Իսլամական ռեժիմի դեմ նույնիսկ քիմիական զենք վաճառեցին: Սակայն արևմուտքի բոլոր փորձերին ընդդեմ Իրանը ծնկի չեկավ, փոխարենը փորձ ձեռք բերեց», - ասել է նա: Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն տեղեկացրել է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` քննարկելու համար Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները Թուրքիայում անցկացնելու խնդիրը: Դավութօղլուն նշել է, որ բանակցությունները Ստամբուլում անցկացնելը Թուրքիայի համար «զուտ հեղինակության հարց չէ»:

No comments: