Wednesday, April 4, 2012

Թոմաս Դե Վաալ. Ադրբեջանն ի զորու չէ իրագործելու իր արտաքին քաղաքական մեծ նկրտումները

Panorama.am. 4-4-2012- «Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, իսկ երկրի գանձարանը լցված է նավթագազային շահույթներով, 20 տարվա ընթացքում աշխարհում այդ երկրի դիրքը չի բարելավել: Արևմտյան երկրների հետ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես գործնական և կախյալ էներգառեսուրսներից, իսկ երկրի կարգավիճակը՝տարանցիկ երթուղի դեպի Աֆղանստան: Վաշինգտոնի հետ իր բարդ հարաբերությունների համար Ադրբեջանը մեղադրում է հայկական լոբբիին, մինչդեռ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, թե հարաբերությունները Ադրբեջանի հետ վատ չեն դասավորվում, սակայն չեն բարելավվելու, քանի դեռ Ադրբեջանն այդքան հեռու է ժողովրդավարությունից»: Գրում է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս Դե Վաալը ամերիկյան «The National Interest» պարբերականում հրապարակած իր «Ադրբեջանական երկընտրանք» հոդվածում: Հոդվածում նշվում է, թե Ադրբեջանը բարդ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ. Հայաստանի հետ հակամարտությունը, Իրանի ու Թուրքմենստանի հետ լարված հարաբերությունները, անդադար կասկածներ պարտակող բարեկամությունը Ռուսաստանի հետ և մշտական թերհասկացումն իր, իբրև թե, սերտ թյուրք եղբայրական Թուրքիայի հետ: «Ադրբեջանի հարաբերությունները իր մերձավոր հարևան Վրաստանի հետ էլ նույնիսկ այդքան անամպ չեն: Սույն թվականի մարտին ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին քննադատեց Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը, հարուցելով ադրբեջանցի որոշ խորհրդարանականների զայրույթը: Ավելին, վատ էր ընկալվել Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ էմին Ռասուլզադեի ֆրազը, որով Սաակաշվիլին եզրափակել էր իր ելույթը: Ռասուլզադեն եղել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդը, կուսակցություն, որը նեկայումս ընդդիմադիր ուժ է: Ադրբեջանի ներկայիս իշխող վարչակազմը նախընտրում է հրապարակավ չանդրադառնալ նրան»,-գրում է Վաալը: Ադրբեջանը ստիպված է վճարել և Իսրայելի հետ իր հարաբերությունների համար: Երկու երկրներն էլ ընդգծում են արևմտամետ կողմնորոշումը արտաքին քաղաքականությունում և դիմակայությունը արմատական իսլամին: Իսրայելի հետ հարաբերությունները դարձել էին Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ ևս: Այսպես, անցած տարի Բաքվում Թուրքիայի դեսպանն հայտարարել էր, թե ադրբեջանցիները պետք է սատարեն Թուրքիային Իսրայելի հետ դիմակայությունում: Բացի այդ, Իսրայելի հետ հարաբերությունները գրավում է Իրանի թշնամական ուշադրությունը: «Հունվար ամսին Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ինչը մեծ պատասխանատվություն է ենթադրում,- գրում է ամերիկացի փորձագետը, նշելով, թե ինչպես իրեն ասել էր մի արևմտյան դիվանագետ Բաքվում` «դու կարող ես թաքնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, սակայն նույնը չես կարող անել Անվտանգության խորհրդում», նկատի ունենալով այն հանգամանքը, թե այժմ ադրբեջանցիները ստիպված են լինելու մասնակցել այնպիսի հարցերի, ինչպես օրինակ Սիրիան է, որի դեպքում հնարավոր է նախընտրեն լռություն պահպանել: «Ավելի հեշտ է հայտարարել մեծ արտաքին քաղաքական նկրտումների մասին, քան դրանք իրագործել: Հնարավորությունները չափազանցված են: Նոր Ադրբեջանում կան շատ մարդիկ, ովքեր լավ գիտեն գումաներ աշխատել և գործեր վարել, սակայն սահմանափակ թվով մարդիկ կան, ովքեր պատասխանատվություն են կրում համակարգված արտաքին քաղաքականություն վարելու հարցում»,-գրում է դե Վաալը: Միաժամանակ, Բաքուն գնալով դառնում է քիչ թափանցիկ: Այլազգի հյուրերն ու դիվանագետները բողոքում են որոշում ընդունելու իրավասություն ունեցող կառավարական չինովնիկների հետ կապ հաստատելու բարդություններից և ամեն կերպ փորձում են հասկանալ կառավարության ռազմավարությունը: Ինչպես նշում է դե Վաալը, այս համատեքստում, 1994թ-ին հայ-ադրբեջանական պատերազմից հետո Բաքվի համար ամենամեծ արտաքին քաղաքական փորձությունը հետևյալն է. ինչպես գործել Իրանի՝ իր գաղափարական մրցակցի շուրջ սեղմվող ճգնաժամի պարագայում: Իրանը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում բնակվող տասնյակ հազարավոր իսլամիստների վրա, ովքեր կարող են խարխլել ադրբեջանական պետականությունը: Բացի այդ, Իրանը ներկայացնում է կենսական նշանակության տնտեսական և էներգետիկ կապ` Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ: Հունվարին Ադրբեջանն հայտարարել էր, թե իր կառավարական կայքերն հարձակման են ենթարկվել իրանական հաքերների կողմից: Դրանից օգտվել էր մեկ ադրբեջանցի խորհրդարանական և հանդես եկել Ադրբեջանը «Հյուսիսային Ադրբեջան» վերանվանելու նախաձեռնությամբ, ինչը ենթադրում էր, թե Իրանի ադրբեջանական նահանգնեը կդառնան «Հարավային Ադրբեջան»: Բարեբախտաբար, իրավիճակը հարթվեց, գրում է դե Վաալը, միաժամանակ նշելով, թե մեծ խնդիրների առաջացման դեպքում, Ադրբեջանը կհայտնվի իր համար անսովոր դժվար իրավիճակում և ստիպված կլինի անհրաժեշտ օգնություն ստանալու ուղիներ որոնել:

No comments: