Thursday, April 26, 2012

Թուրքերն անհանգստացած են Հունաստանում դասավանդվող պատմության դասագրքերից

Panorama.am. 26-4-2012- Թուրքերն անհանգստացած են այն բանից, որ հարևան Հունաստանի հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերում դարձյալ կատարվել են փոխություններ, որոնց արդյունքում թուրքերը թշնամու կերպարով են ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը, առաջիկա ուսումնական տարվանից արդեն հույն աշակերտներին 6-րդ դասարանում կդասավանդվի թուրքերի հետ առնչվող հետևյալ պատմությունը. «Թուրքերը մտան Իզմիր: Հայկական և հունական թաղամասերը կրակի տվեցին: Մետրոպոլիտ Հրիսոսթոմոսը մահմեդական խուժանին հանձնվեց ու սպանվեց: Նավահանգստում աննկարագրելի արհավիրք էր: Քրիստոնյաներին կոտորում էին ու կողոպտում: Ահա այդպիսի դրամատիկ ավարտ ունեցավ դարեր շարունակ տևած հունական ներկայությունն այդ տարածաշրջանում»: Իսկ ահա պատմական նույն այդ անցքերը 2007-ի դասագրքերում այլ ձևակերպմամբ էին մատուցվում. «1922-ի օգոստոսի 27-ին թուրքական բանակը մտավ Իզմիր: Նավահանգստում խուճապ էր առաջացել, հազարավոր հույներ փորձում էին նստել նավերն ու գաղթել Հունաստան»: Նշվում է, որ 2007 թվականին թուրքերի և օսմանցիների մասին դասագրքային ավելի մեղմ ձևակերպումներ ներմուծած այդ ժամանակվա կրթության նախարարը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից: Ավելին, նա ստիպված եղավ հրաժեշտ տալ իր քաղաքական կարիերային:

No comments: