Friday, April 27, 2012

Բելգիայի հայ ուսանողական միությունը սատարում է հայ բնապահպաններին

Բելգիայի հայ ուսանողական միությունը բաց նամակ է տարածել, որում անդրադառնում է Հայաստանում բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև զորակցություն հայտնում բոլոր նրանց պայքարում են Թեղուտի անտառների ոչնչացման և Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ: Նամակում մասնավորապես ասվում է. Հարգելի հայրենակիցներ Վերջին շրջանում մենք ականատես ենք, թե ինչպես է հայ առաջադեմ երիտասարդությունը և գիտակից քաղաքացին պայքարում Հայաստանում տեղի ունեցող բնապահպանական անօրինականությունների դեմ : Բելգիայի հայ ուսանողությունը և երիտասարդությունը մեծ խանդավառությամբ հետևում են այս հիրավի հեղափոխական շարժմանը, որը կոչված է արթնացնել հայ հասարակությանը և ստիպել իշխանություններին հաշվի նստել երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի հետ : Այսօր՝ արդեն իսկ, մի շարք հանքեր շահագործվում են բնապահպանական կանոնների կոպիտ խախտումներով: Կասկածից վեր է, որ մեր հայրենիքի ընդերքի անխնա շահագործումն առանց բնապահպանական անհրաժեշտ նորմերի, տեսանելի ապագայում կբերի աղետալի հետեւանքների՝ ջրի, օդի և հողի թունավորում, անապատացում, գյուղերի դատարկում և ահագնացող արտագաղթ: Հանքարդունաբերության հետագա ծրագրերի իրականացումը՝ շատ մոտ ապագայում հարցականի տակ կդնի մեր պետության և հայրենիքի գոյությունը: Հանդուրժելի չէ ´ և գալիք սերունդը չի ների նրանց, ովքեր հանուն սեփական շահերի պարտադրում են մեր ժողովրդին այս չարագուշակ հեռանկարը: Հետևաբար , մենք մեր զորակցությունն ու շնորհակալությունն ենք հայտնում այն բոլորին , ովքեր ամեն գնով պայքարում են Թեղուտի չնաշխարհիկ անտառների ոչնչացման և Մաշտոցի պուրակում կրպակների ապօրինի տեղադրման դեմ: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ մոտենալ այս հույժ բախտորոշ խնդիրներին՝ այսօր, անհապաղ: Թռչկանի հաղթանակը հույս է ներշնչում, որ վաղ թե ուշ բոլոր խնդիրներն անպայման կստանան դրական լուծում և քաղաքացիական պայքարը կպսակվի հաղթանակով:

No comments: