Saturday, April 7, 2012

Հայաստանը դուրս կգա ռուսական ուղեծրից

«Լրագիր» 6-4-2012- Կկառուցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի առաջարկած ռադիոտեղորոշիչ կայանը Գաբալայի փոխարեն, որի վարձը Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել մի քանի տասնյակ անգամ: Պաշտոնական Մոսկվան կարծես թե դեռ որեւէ արձագանք չի տվել այդ առաջարկին, որ հնչել էր Կոմերսանտին Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցում: Առայժմ դրան արձագանքում են միայն Ռուսաստանի եւ Հայաստանի փորձագիտական շրջանակները, ու այդ արձագանքները առավելապես դրական են: Նույնիսկ արձագանքներ կան, որոնք Հայաստանի առաջարկին վերագրում են հեղափոխություն տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Իրականում, ամեն ինչ թերեւս շատ ավելի “պահպանողական” շրջանակում է: Պարզապես Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տարի է, որ շատ շատ է ուզում, որպեսզի Ռուսաստանը Հայաստանում ինչ որ բան կառուցի: Դեռեւս Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներից Հայաստանը շատ էր ուզում, որ Ռուսաստանը Իրանի հետ Հայաստանի սահմանին նավթավերամշակման գործարան կառուցի, հայտարարվում էր այդ ծրագրի մասին: Բայց Ռուսաստանը չկառուցեց՝ հայտարարեց, որ շահավետ ծրագիր չէ: Հետո Հայաստանը շատ էր ուզում, որ Ռուսաստանը վերջապես ներդրումներ կատարի պարտքի դիմաց գույքի տեսքով ձեռք բերած ձեռնարկություններում եւ վերագործարկի դրանք, բայց Ռուսաստանն առ այսօր դրանք չի վերագործարկել, իսկ Մարս գործարանի տարածքում էլ ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցը թերեւս ընդամենը այդ չվերագործարկվածությունը ինչ որ հռչակագրով կոծկելու մի տարբերակ է: Հետո Հայաստանը շատ էր ուզում, որ Ռուսաստանը Հայաստանում նոր ատոմակայան կառուցի, բայց Ռուսաստանը չկառուցեց՝ ընդամենը վերցրեց կառուցելու իրավունքն ու հայտարարեց ընդամենը ֆինանսավորման մեկ հինգերորդը տրամադրելու պատրաստակամության մասին: Հետո Հայաստանը շատ էր ուզում, որ Ռուսաստանը Իրան-Հայաստան երկաթուղին կառուցի, բայց Ռուսաստանը դա էլ չի կառուցում: Հայաստանը շատ էր ուզում, որ Ռուսաստանը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի կառուցի, բայց Ռուսաստանը դա էլ չի կառուցում, եւ Հայաստանն այժմ մնացել է Ասիական բանկի հույսին: Ռուսաստանը Հայաստանում կարծես թե ունի չկառուցելու սկզբունք: Ռուսաստանը գալիս եւ վերցնում է արդեն կառուցածը, արդեն ստեղծածը: Ռուսաստանը գալիս ու վերցնում է Իրանի կառուցած Հայաստան-Իրան գազամուղը, Ռուսաստանը գալիս ու վերցնում է հեռահաղորդակցության ոլորտը, գալիս ու վերցնում է էներգետիկ ոլորտը: Անկախ Հայաստանում Ռուսաստանը չի ստեղծել որեւէ նոր համակարգ, որեւէ նոր ենթակառուցվածք: Եվ հիմա Հայաստանն ուզում է, առաջարկում, որ Ռուսաստանը գոնե ռադիոլոկացիոն կայան կառուցի, որ գոնե դրա կառուցման համար ներդրումներ կատարի Հայաստանում, աշխատատեղեր ստեղծի: Հայաստանը երեւի մտածում է, որ երբ խոսքը ռազմա-քաղաքական ինչ որ ներդրման մասին լինի, ապա Ռուսաստանը գոնե դա կանի: Բայց, ամենայն հավանականությամբ Մոսկվան դա էլ չի անի: Հայաստանում չկառուցելը Մոսկվայի համար թերեւս մարտավարություն է, գուցե նույնիսկ սկզբունքային հարց: Եվ դա թերեւս պայմանավորված է ռուսական վերնախավում իշխող ենագիտակցական այն ընկալմամբ, որ Հայաստանը ներկայիս ռուսական ուղեծրում պահելը գործնականում լինելու է անհնար, որովհետեւ Հայաստանում ի վերջո հաղթելու է պետական շահը, որից բացարձակապես չի բխում այդ ուղեծրում մնալը՝ նկատի ունենալով այդ ուղեծրի ներկայիս որակը, աշխարհայացքը, կենսափիլիսոփայությունը, բովանդակությունը, արժեքային պաշարն ու ապարդիականությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: