Wednesday, April 4, 2012

Ռուս փորձագետ. Իսրայելը ուշադրությամբ զննում է Ադրբեջանի ռազմական համակարգի օբյեկտները

News.am. 4-4-2012- Շատ հավանական է, որ Իսրայելն այժմ ուշադրությամբ զննում է Ադրբեջանի ռազմական համակարգի օբյեկտները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին կարծիք հայտնեց Սեւծովյան-Կասպյան ավազանի տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների փարձագետ Անդրեյ Արեշեւը։ Նրա խոսքով՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունն աճում է, եւ Իսրայելը, որոշ դեպքերում վերջին ճիգերով, փորձում է սեփական, բավականին լուրջ քաղաքական խաղը խաղալ։ «Իսրայելն արդեն վաղուց ներկայացված է Հարավային Կովկասում։ Թել Ավիվը փորձում է իր դիրքերն ապահովել այն երկրների մոտ, որոնց նա թշնամի է համարում։ Նախկինում այդ պերեֆերիան Վրաստանն էր, այսօր վեկտորն ուղղվում է դեպի Ադրբեջան»,- նշեց Արեշեւը։ Փորձագետի կարծիքով՝ իրականում Իսրայելին Իրանի կողմից լուրջ վտանգ չի սպառնում, իսկ իրանցի առանձին պաշտոնյաների հայտարարությունները հաշվի պետք չէ առնել։ «Իսրայելը ընտրել է իր մարտավարությունը, որը բավականին վտանգավոր է։ Միեւնույն ժամանակ, այստեղ պետք է հաշվի առնել ԱՄՆ հետ քայլերի կոորդինացումը։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Վաշինգտոնը եւս հետաքրքրված է Ադրբեջանի ռազմական օբյեկտներով»,- ընդգծեց Արեշեւը՝ ավելացնելով, որ այս միտումը Հարավային Կովկասի համար անցանկալի եւ վտանգավոր է։ Քաղակական վերլուծաբանը կարծում է, որ Հարավային Կովկասը փաստացի մաս է դառնում «Մեծ Մերձավոր Արեւելքի» դրա անվերջանալի պատերազմներով եւ ազգային խնդիրներով։ «Տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներգրավումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մենք դա տեսնում ենք Լիբիայում, Սիրայում։ Կովկասը ավելի եւ ավելի է մոտենում իրադարձությունների կիզակետին։ Դա ԽՍՀՄ փլուզման հետեւանքներից մեկն է. Եվրասիայում ուժեղ պետության կամ դաշինքի բացակայություն, որը կկարողանար դիմակայել մարտահրավերներին, ապահովել տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն»,- ասաց Արեշեւը։ Ըստ փորձագետի՝ ցանկացած ռազմական կամ կիսառազմական ակտիվություն Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում խիստ ապակայունացնող կարող է դառնալ տարածաշրջանի համար։ «Նախեւառաջ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ներկայումս Հայաստանը պետք է ակտիվացնի անվտանգության հետ կապված արտաքին քաղաքականությունը, եւ չտրվի սադրանքներին, ինչպես նաեւ չընկնի «Իրանի թշնամիների ցուցակի մեջ», ինչպես դա եղավ Ադրբեջանի դեպքում։

No comments: