Երեկ Մաշտոցի պուրակում տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ իրականացնող անձանց միացան ևս 10 քաղաքացիներ: Այդ քաղաքացիներից քաղաքագետ, կրթության մասնագետ Նվարդ Մանասյանին մի քանի հարց ուղղեցինք:
-Նվարդ, Դուք միացաք Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների ապամոնտաժող բրիգադին: Ապամոնտաժողների այս օրերի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Ես դեպքերին հետևել եմ հեռակա ռեժիմում, քաղաքից բացակայելու պատճառով, բայց կարծում եմ`սա երկար ու տևական պայքար է լինելու, որի սկիզբը շատ լավ տրվեց: Ես հիացած եմ քաղաքացիների ու ապամոնտաժողների քաղաքացիական բարձր գիտակցությամբ, նաև գործելաձևի մեթոդական առանձնահատկություններով. այդ մարդիկ չեն եկել քանդելու կամ ջարդելու, իրենց խնդիրը քաղաքացիական լայն ընկալման ու տրանսֆորմացման մեջ է: Համեմատեք այլ երկրներում նման առճակատումների հետ, դրանք, որպես կանոն, բախումների են հանգեցնում: Մեր քաղաքացիները գաղափարական ու բովանդակային երկարատև պայքարի մեջ են մտել, և ես կարծում եմ`սա բարձր գիտակցության մասին է վկայում:
-Երկու օր առաջ հաջողվեց նեղացնել օղակը, ապամոնտաժողները կարողացան բուտիկներ մտնել: Այգու վերջնական ազատագրումն ի՞նչ կտա հասարակությանը:
-Սա սահմանադրական նոր տարածք է իր բովանդակային առումով: Մենք իհարկե ունենք սահմանադրություն, միայն թե ես վստահ չեմ` ինչքանով ենք մենք այդ ամենի իմաստավորված կրողները: Հիմա այդ ամենն իրականության մեջ տեղի է ունենում Մաշտոցի պուրակում, մենք կդառնանք օրենսդրական գործառույթ ունեցող մարդկանց հասարակություն, սա հենց քաղաքացիական հասարակությունն է, և սա մեծագույն ձեռքբերում կլինի, ցանկացած կառավարությունից զորեղ մեր պետությունն իմաստ կստանա:
-Մինչև հիմա անիմա՞ստ, անբովանդա՞կ էր մեր պետությունը:
-Նախևառաջ դրա բովանդակությունը, որպես կանոն, լցվում էր առանց հասարակության գիտակցված մասնակցության, ու դա աստիճանաբար բերեց նաև քաղաքական գործունեությամբ զբաղվողների բառարանի իմաստազրկմանը: Եթե ուշադիր լսեք, քաղաքական գործիչները, ովքեր որևէ երկրում վարպետացել են խոսել և ասել ոչինչ, մեր երկրում առանձնահատուկ առաջադիմություն են արձանագրում: Օրինակ` կոալիցիոն կուսակցական գործիչներից մեկը կոչ էր անում ասել ճշմարտությունը, իսկապես չհամաձայնելը դժվար կլինի, ստանդարտ ու հավերժական ֆրազ է, բայց ասողին եթե մենք հարց տայինք, թե որն է այդ ճշմարտությունը, ասացեք դրա բոնվադակությունը, հաստատ կլռեր տարբեր պատճառներով, այդ թվում` նաև կոալիցիայում լինելու պատճառով: Սակայն ամենավտանգավորը դա չէ, այլ այն, որ արժեքային հաստատումների բացակայության պայմաններում այլևս պարզ չէ, թե որն է այդ ճշմարտությունը, չնայած որ հավերժական հաստատում է: Այս առումով մեր պետությունը իմաստ չուներ, բոլոր ատրիբուտներն ուներ՝ օրենքներ, դատարաններ, բայց քաղաքացիների մասնակցության բացակայության պայմաններում այլևս հնարավոր չէր պահպանել հավերժական ճշմարտության ձգտող պետության կոնցեպտի բովանդակությունը կամ էլ այլևս Հայաստանի Հանրապետության մասին չպիտի խոսեինք, այլ այն պիտի վերանվանեինք միապետության, այդ դեպքում ամեն բան իր տեղը կընկներ:
-Նվարդ, ըստ Ձեզ, ինչո՞ւ, ի վերջո, մի քանի բուտիկ է, հասարակության պահանջին ընդառաջ չեն գնում, չեն ապամոնտաժում կամ տեղափոխում մեկ այլ տեղ, մինչդեռ Թռչկանի դեպքում զիջեցին:
-Չգիտեմ, ճշգրիտ պատասխանելու համար հավանաբար ինձ պետք է աբողջական տեղեկատվություն սեփականատերերի, սեփականության իրավունքի ձեռքբերման համար վճարված գումարի, որոշման կայացման պայմանների մասին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով մի քանի հայտորոշիչ հասարակական առնաձնահատկություն` կարող եմ ասել, որ որոշում կայացնողի գործը հեշտ չէ: Զրկված լինելով քաղաքացիական հավաստման գործուն մեխանիզմներից` համակարգը ստիպված է եղել հենվել ուժի հավասարակշռման ու իշխանության մատուցած ծառայություններին համարժեք փոխհատուցման սկզբունքներին, որոնք որպես կանոն իրականացվել են հանրային շահի հաշվին, քանի որ վերոնշյալ երկու սկզբունքների հասցեատերերը միշտ հայտնի են եղել ու պահանջատեր, իսկ հանրությունը չի կարողացել գործուն մեխանիզմների միջոցով սահմանազատել հանրային շահը, այն որպես կանոն ոնտահարվելու տենդենց ունի: Դրա համար պիտի գործառնող պետություն կառուցվի, որն արդեն պատվիրակված լինելով քաղաքացիների միջոցով ընտրվածների միջոցով` կիրականացնի հանրային տարածքների պահպանությունը և ոտնձգություններից պաշտպանությունը: Ես ուսումնասիրել եմ Երրորդ աշխարհի երկրներում մասնավոր անձանց կողմից հանրային տարածքների օտարումը, որը հետ է նվաճվել օրվա իշխանության կողմից, սակայն երբեք չեմ տեսել հանրային տարածքի օտարումը “օրինական” ճանապարհով այնպես, ինչպես դա եղավ Հյուսիսային պողոտայի դեպքում կամ, օրինակ, ինչպես դա տեղի է ունենում Թեղուտի դեպքում, Մաշտոցի պուրակի հարցում՝ ամեն բան “օրինական” է, բայց սկզբունքային բովանդակային առումով սխալ է, այ, այդ սխալը մենք պիտի շտկենք:
-Համառ և հետևողական պայքարո՞վ: Բոլորը, սակայն, շտապողական են:
-Երբեմն ամենակարճ ճանապարհը ամենաերկարն է, չեմ հիշում ով է ասել, բայց սա այդ դեպքն է. հանրային մասնակցությունը պիտի դառնա գոյաձև, մեր քաղաքացիական գոյության անքակտելի մասը, առանց այդ ամենի ազատություն լինել չի կարող, դրա փոխարեն կարող են լինել ազատության պահեր, որոնք ամենայն հավանականությամբ արյան հոտ կունենան:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 6-4-2012-
Friday, April 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment