Wednesday, April 25, 2012

Օբաման դարձյալ «Մեծ եղեռն» է ասել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թ-ի դեպքերին նվիրված ամենամյա ելույթում դարձյալ չի
օգտագործել «ցեղասպանություն» բառը` փոխարենն ասելով «Մեծ եղեռն»: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «20-րդ դարի ամենացավալի իրադարձություններից մեկը հանդիսացող Մեծ եղեռնն ենք հիշում և Օսմանյան կայսրությունում դաժանաբար սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մենք միանում ենք այն միլիոնավոր մարդկանց, ովքեր այսօր հիշում են 97 տարի առաջ տեղի ունեցած աննկարագրելի դեպքերը: Մեր քայլերն ուղղված են լինելու նման իրադարձությունները կանխմանը: 1915 թ-ին տեղի ունեցածների վերաբերյալ իմ տեսակետները հայտնել եմ: Իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Իրականությունը ամբողջական, անկեղծ և արդար ճանապարհով ընդունելը բոլորիս օգտին կլինի: Դեպի ապագա տեղաշարժ չի լինի, քանի դեռ անցյալի հետ հաշիվները չեն պարզվել: ԱՄՆ-ը պատմության մեջ դա շատ անգամներ է արել և ես հավատում եմ, որ մենք դրանից ավելի ուժեղ ենք դարձել: Որոշ կազմակերպություններ ապագային ուղղված համարձակ քայլեր արդեն ձեռնարկել են: Ողջունում եմ այդ ճանապարհն ընտրած հայերին և թուրքերին: Ամերիկահայերը տարբեր ոլորտներում նպաստել են ԱՄՆ-ի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարացման, զարգացման համար շատ կարևոր ներդրում ունեցել: ԱՄՆ-ին թողած ձեր ժառանգությամբ հպարտանում և ձեզ հետ միասին հարգում ենք մոտ մեկ դար առաջ չարչարված, ցավ ապրած և սպանվածների հիշատակը: Հիշում ենք Մեծ եղեռնը և հայտարարում, որ հայ ժողովրդի համար ավելի փայլուն ապագա ստեղծելու համար պատրաստ ենք կանգնել բոլոր հայերի կողքին»: Որպես սենատոր և ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման բազմիցս կոչ էր արել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին` ինչպես հարկն է բնութագրել Ցեղասպանությունը և այն հանցագործություն որակել: 2008 թ-ի հունվարին Օբաման հայտարարել էր. «որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Այլևս երբեք» ելույթում հիշատակել էր մի քանի ցեղասպանությունների մասին, Հոլոքոսթը համարել մարդկային «բարբարոսությունների գագաթնակետը», սակայն Հայոց Ցեղասպանությանն առհասարակ չէր անդրադարձել:

No comments: