Wednesday, April 25, 2012

Ռ. Սաֆրաստյան. Ժամանակն է Ցեղասպանության ճանաչման խնդիրը տեղափոխել իրավական հարթություն

Panorama.am. 24-4-2012- 2015 թվականին լրանում է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը:
Ցեղասպանության (Armenian Genocide) ճանաչման և դատապարտման խնդրում կատարված աշխատանքների և 2015 թվականին ընդառաջ` սպասելիքների առնչությամբ Panorama.am-ը զրուցեց թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ: - Պարոն Սաֆրաստյան, վերջին տարիների ՀՀ գործադրած ջանքերը ցեղասպանության ճանաչման գործընթացում ի՞նչ արդյունքներ են տվել: -Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ ցեղասպանության (Armenian Genocide) ճանաչման և դատապարտման գործընթացը բավական ակտիվ առաջընթաց է գրանցել և այդ առումով սկզբունքային նշանակություն կարող է ունենալ այն, որ Ֆրանսիայում սկսվել է ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը: Առաջին փորձը հաջողությամբ չպսակվեց, բայց սպասվում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո, ով էլ որ ընտրվի նախագահ, այդ գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին: Սկզբունքային փուլ կարող է սկսվել, և ես հավատացած եմ, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեն Եվրոպական միության մի շարք երկրներ: - Կա՞ն արդյոք փոփոխություններ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման մեջ կամ քաղաքական այլ շրջանակների դիրքորոշումներում: -Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ապա կարող եմ ասել, որ այն չի փոխվել, ինչպես ըստ էության եղել է ժխտողական, կեղծողական, այդպիսին էլ շարունակում է մնալ: Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին այդ դիրքորոշումն այդպես էլ կմնա: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի այլ քաղաքական ուժերի մոտեցումներին, պետք է նշեմ, որ քաղաքական կուսակցությունների փաստաթղթերում, կուսակցությունների ղեկավարների հայտարարություններում որևիցե նոր մոտեցում այս խնդրի նկատմամբ չեմ տեսնում: - Եթե խնդրին մոտենանք հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցած փոփոխությունների տեսակետից: Այս մասին ի՞նչ կասեք: -Թուրքական հասարակության որոշակի խմբերի, մասնավորապես իրավապաշտպանների, գիտնականների, լրագրողների, ուսանողների շրջանում, նրանց դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն տեղի ունեցել են: Հասարակության որոշակի ներկայացուցիչներ սկսում են ճշմարտությունն իմանալ ցեղասպանության մասին և հասկանալով, թե ինչ մեծ հանցագործություն է եղել հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում, սկսում են դատապարտել դա: Բայց այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որ նրանցից շատերը չեն օգտագործում ցեղասպանություն եզրույթը, նրանցից շատերը վախենում են, զգուշավոր են, ինչը հասկանալի է, բայց այս առումով ամենակարևորն այն է, որ թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալու և այն դատապարտելու փորձերն արդեն սկսվել են: Թեև, իմ կարծիքով, բավականին երկար ժամանակ կպահանջվի, որ թուրք հասարակությունը կարողանա այնպիսի դիրքորոշում ձևավորել, որը թուրք ժողովրդին, Թուրքիային կազատի ցեղասպանություն իրականացնողի և ժխտողի խարանից: Կարծում եմ, որ 2015 թվականին մենք պետք է կարողանանք մինչև այդ ստեղծել մի հանձնախումբ, որը բաղկացած կլինի տարբեր մասնագետներից` իրավագետներից, պատմաբաններից, քաղաքագետներից և այլ մասնագետներից: Այդ հանձնախմբում պետք է ներգրավված լինեն ինչպես Հայաստանցիներ, այնպես էլ սփյուռքի ներկայացուցիչներ, որում պետք է շատ լուրջ աշխատեն ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը իրավական հարթություն տեղափոխելու և հատուցում ստանալուն ուղղված անհրաժեշտ բոլոր գիտական աշխատանքները տանելու համար:Կարծում եմ, արդեն ժամանակն է որ այդպիսի աշխատանքներ սկսվեն:

No comments: