Wednesday, April 4, 2012

Թուրք նախարարը տեղյակ չէ՞, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչողներ կան

News.am. 4-4-2012- Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով Շվեյցարիայում ժխտել էր Հայոց ցեղասպանությունը, մեկնաբանել է Շվեյցարիայի դատախազության կողմից իր դեմ դատական գործ չբացելու որոշումը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էգեմեն Բաղըշը պնդել է, թե Թուրքիայի 75 մլն քաղաքացիներից յուրաքանչյուրը հիշյալ հարցին նույն պատասխանն են տալու։ «Շվեյցարիայում ճիշտ որոշում են կայացրել։ Դրանով Շվեյցարիան փրկեց իր հեղինակությունը»,-ասել է Էգեմեն Բաղըշը։ Զարմանալի է, որ Էգեմեն Բաղըշը տեղյակ չէ, որ Թուրքիայում կան պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ եւ իրավապաշտպաններ, ովքեր բարձրաձայնում են, որ 1915-ին հայերի նկատմամբ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Նշենք, որ Ցյուրիխի դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում նշվել է, թե 2012-ի հունվարի 30-ին Բաղըշի կողմից 1915-ի հետ կապված հայտարարություն է հնչել, որը մեծ արձագանք է գտել մամուլում եւ հեռուստատեսությամբ։ «Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ խորհրդակցության ժամանակ պարզել ենք, որ Բաղըշն այդ հայտարարությունն անելու ժամանակ ունեցել է դիվանագիտական անձեռնմխելություն»,-նշվել է Ցյուրիխի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում»,-ասել էր Բաղըշը։ Այնուհետ Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը Բաղըշի դեմ նախնական հետաքննություն է սկսել՝ շեշտելով, որ այն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի հատկանիշներով։

No comments: