Friday, April 27, 2012

«Տղամարդկություն» ունեցողները կպաշտպանեն ՀՅԴ-ին՝ անվստահություն հայտնելու կառավարությանը. Արծվիկ Մինասյան

Tert.am. 26-4-2012- ՀՀ-ում մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների
նախընտրական քարոզչության շրջանակներում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ, համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը, հանդիպելով ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, ասաց, որ իրենք նախորդ գումարման խորհրդարանում չկարողացան իրականացնել ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու ծրագիրը: Պատճառն, ըստ Մինասյանի, ԱԺ-ում Դաշնակցության փոքրամասնություն լինելն էր, իսկ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներն էլ «տղամարդկություն» չունեցան պաշտպանել ՀՅԴ-ին: Ահա թե ինչու Արծվիկ Մինասյանն առաջիկա ընտրությունները տղամարդկային ընտրություններ է որակում: «Այն տնտեսությունը, որը այսօր կա Հայաստանում՝ կառավարության սխալ աշխատանքի հետևանք է, իսկ մենք այն ժամանակ չկարողացանք կառավարությանը հայտնել անվստահություն, քանի որ քիչ էինք, իսկ կոալիցիայի մեր շատ ընկերներ համաձայն լինելով մեզ հետ, սակայն տղամարդկություն չունեցան միանալու մեր ծրագրերին: Ուստի ես կոչ եմ անում բոլորիդ, որ մայիսի 6-ին Հայաստանում տղամարդկային ընտրություններ կատարեք»,-ասաց Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ ներկայացուցիչն անդրադառնալով արտագաղթին, նշեց, որ հայ երիտասարդներն իրենց հայրենիքում չեն տեսնում հեռանկար՝ ո՛չ աշխատաշուկայում, ո՛չ կրթության ոլորտում, և լքում են Հայաստանը: Դրա համար ՀՅԴ-ն մշակել է ազգային ռազմավարական ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը լինելու է հետևյալը` աշխատաշուկայի և կրթության ոլորտի կապը»: Մինասյանը կարևորում է այն, որ. «Երիտասարդը իմանա, թե ի՞նչ մասնագիտություն է ստանալու և ի՞նչ կարող է աշխատել: Չպետք է այնպես ստացվի, որ երիտասարդը կրթություն ստանա, բայց աշխատանք չգտնելով հեռանա այլ երկիր»: Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ բնակարանային հիմնախնդիրը նույնպես շատ կարևոր հարց է, քանի որ շատ երիտասարդներ չունենալով բնակարան հետաձգում են իրենց ամուսնությունը կամ չեն ցանկանում ամուսնանալ. այդ իսկ պատճառով ՀՅԴ-ն առաջարկում է տարեկան 5-6 հազար բնակարան կառուցել, իսկ դրանց հիմնական մասը՝ մարզերում: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն պետք է մեծամասնություն կազմի, որպեսզի կարողանա իր ծրագրերը իրականացնել: Սա դաշնակցության ներկայացուցչի համոզմունքն է: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու են 9 քաղաքական ուժեր` համամասնական ընտրակարգով, ինչպես նաև շուրջ 180 անհատ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:

No comments: