Sunday, April 29, 2012

Ստամբուլում բացվել է Օրհան Փամուկի անմեղության թանգարանը

1in.am. 29-4-2012- Այսօր Ստամբուլում բացվել է անմեղության թանգարանը, որի ստեղծման նախաձեռնությունը գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկինն է: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Թանգարանում հավաքված են իրեր, որոնք Փամուկը հավաքել է մի քանի տասնամյակի ընթացքում: Դրանց մեծամասնությունը նա ձեռք է բերել Ստամբուլի անտիկ իրերի խանութներում ու շուկաներում: Անցյալի իրականության մասին պատմող հնագույն իրերի թանգարան բացելու մասին գրողը մտածել է ավելի քան 15 տարի առաջ: Դրանից հետո միտք է հղացել ստեղծել «Անմեղության թանգարան» վեպը: Դրա էջերում նկարագրվում է շուկաներում ձեռք բերված անտիկ իրերի պատմությունը: Թանգարանը ներկայացնում է 1950- 2000 թթ. հասարակ մարդկանց առօրյա կյանքը: Ավելի վաղ գրողը հայտնել էր, որ ծրագրում է թանգարանում ներկայացնել նաև իր նկարները. երիտասարդ տարիքում Փամուկը ցանկացել է նկարիչ դառնալ: Թանգարանը նախատեսված էր բացել դեռևս 2008-ին, սակայն Փամուկի մտահղացման կյանքի կոչումն անընդհատ հետաձգվում էր: Վերջին տարիներին Օրհան Փամուկը, որին 2011-ին մեղավոր ճանաչեցին թուրք ազգին վիրավորելու համար, ապրում է Գոայում: Մի անգամ հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ Թուրքիայում միլիոնաավոր հայեր են սպանվել: Փամուկի թանգարանի նախագծի վրա ճարտարապետների, նկարիչների ու դիզայներների խումբ է աշխատել: Որքան գումար է ծախվել այն կյանքի կոչելու համար` հայտնի չէ: Գրողը խոստովանել է, որ Նոբելյան մրցանակի համար տրամադրված գումարը` շուրջ 1 մլն եվրո, չի բավականացրել: Գրականության ոլորտում նրան Նոբելյան մրցանակ է շնորհվել 2006-ին: Փամուկն այս մրցանակին արժանացած առաջին թուրք գրողն է: «Անմեղության թանգարան» սիրավեպը գրվել է 2008-ին, 2009-ին այն թարգմանվել է ռուսերեն:

No comments: