Sunday, April 29, 2012

ԱՄՆ նախագահի աշխատակազմում քննարկվում է Իրանի նկատմամբ լուրջ զիջումներ կատարելու հարցը

Panorama.am. 28-4-2012- ԱՄՆ նախագահի աշխատակազմում քննարկվում է Իրանի նկատմամբ լուրջ զիջումներ կատարելու հարցը: Այդ մասին նշված է ամերիկյան «The Los Angeles Times» պարբերականում թողարկված վերլուծական հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ հնարավոր է, որ ԱՄՆ վարչակազմը համաձայնվի, որպեսզի Իրանն ուրանի հարստացման աշխատանքներն հասցնի մինչև 5 տոկոսի, փոխարենը՝ Վաշինգտոնը Թեհրանից կպահանջի, որպեսզի վերջինս թույլատրի միջազգային տեսուչներին մուտքն Իրանի միջուկային հաստատություններ: Հոդվածի հեղինակի դիտարկմամբ՝ Վաշինգտոնը եկել է այն համոզման, որ Իրանի նկատմամբ կիրառված կոշտ քաղաքականությունն անարդյունավետ է, և եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակեն ճնշումներ կիրառելու քաղաքականությունը, ապա առկա գործընթացները կմտնեն փակուղի: «Բարաք Օբամայի վարչակարգի նման նախաձեռնությունը նախագահական ընտրությունների նախաշեմին հանրապետականները կարող են շահարկել և օգտագործել վերջինիս դեմ»,-նշված է հոդվածում: Հավելենք, որ ապրիլի 14-ին Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Ստամբուլում կայացավ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպման առաջին փուլը: Երկրորդ փուլը կկայանա մայիսի 23-ին՝ Բաղդադում:

No comments: