Tert.am. 28-4-2012- Բաքվում կայացած Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, որին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն բնորոշ ոճով, ֆաշիստ անվանեց հայերին. արդյո՞ք, այս փաստը չի նպաստել միջազգային հանրությունում Ադրբեջանի վարկանիշի նվազմանը: Քաղաքագետ Նարեկ Գալստյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, վերոնշյալ հարցմանն ի պատասխան, ասաց. «Ադրբեջանին չի հետաքրքրում միջազգային հանրությունում ունեցած իր վարկանիշը: Ըստ իս՝ Ադրբեջանի Հանրապետությունը վաղուց է դադարել հետևել իր վարկանիշին, որովհետև Ադրբեջանն ունի ազդեցության այլ լծակներ: Դա իր աշխարհագրական տարածքն է` Կասպյան ավազանից և Կենտրոնական Ասիայից, էներգետիկ կոմունիկացիոն նախագծերի իրականացման հանգույց և էներգամատակարար լինելը: Սրանք արդեն իսկ ծանրակշիռ հանգամանքներ են, որոնք հնարավորություն են տալիս նրան ապահովելու ակտիվ դերակատարում միջազգային թատերաբեմում»: Քաղաքագետը կարծում է, որ ոչ մի պետության ղեկավար՝ Ալիևի նման չէր կարող իրեն այդպես դրսևորել և վիրավորել իր երկիր ժամանած հյուրերին: «Ոչ մի պետության ղեկավար, ես չեմ պատկերացնում, որ կարող է իրեն այդպիսի բան թույլ տալ` հյուրընկալել հյուրերին և նրանց անպատվել պետական բարձր մակարդակով: Երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայաստանում էր, մենք այդպիսի բաներ թույլ չենք տվել, չէինք էլ կարող պատկերացնել, որ կարելի է թույլ տալ նման պահվածք դրսևորել մեր հյուրի հանդեպ՝ պետական բարձր մակարդակով»,-նկատեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Sunday, April 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment