Wednesday, April 25, 2012

Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է Թուրքիայի շահերից. Շվեյցարիայի դեսպան

Tert.am. 24-4-2012- Յուրաքանչյուր երկիր պետք է որոշում կայացնի և ունենա հստակ դիրքորոշում Հայոց
ցեղասպանության հարցի առնչությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստատին Օբոլենսկին: «Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ յուրաքանչյուր երկիր պետք է ինքը որոշում կայացնի: Որոշ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որոշները` դեռ ոչ, սա է իրականությունը: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է միայն իր շահերից»,-ասաց Օբոլենսկին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտն ասաց, որ եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է անպայման ընդունի անցյալում կատարած ոճրագործությունը, այնպես, ինչպես արեց Գերմանիան, ընդունելով նացիստների կողմից իրականացվածը՝ Հոլոքոստը: «Եթե ուզում են կառուցել ապագա, պետք է ճանաչել անցյալը: Այսօր արդեն նոր սերունդներ են եկել, բայց նրանք ևս պետք է պատասխանատվություն կրեն անցյալի համար, քանի որ Եվրոպայում առկա է «հիշողության մշակույթը»,-ասաց Հանս-Յոխեն Շմիդտը: Նշենք նաև, որ ի թիվս այլ դեսպանների Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել նաև Ամերիկայի միացյալ նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերենը, ով՝ իր երկրի քաղաքական իշխանավորներին հատուկ պահվածքով, խուսափեց արտաբերել Ցեղասպանություն բառը. «Այսօր շատ կարևոր օր է ամբողջ աշխարհը պետք է հիշի, թե ինչ է կատարվել 1915 թվականին Թուրքիայում»,- ասաց Ջոն Հեֆերնը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծեր են ընդունել հետևյալ երկրները՝ 1. Ուրուգվայ-1965 թ. 2. Կիպրոս-1982 թ. 3. Արգենտինա-1993թ. 4. Ռուսաստանի դաշնություն-1995թ. 5. Կանադա-1996թ. 6. Հունաստան-1996թ. 7. Լիբանան-1997թ. 8. Բելգիա-1998թ. 9. Իտալիա-2000թ. 10. Վատիկան-2000թ. 11. Ֆրանսիա-2001թ. 12. Շվեյցարիա-2003թ. 13. Սլովակիա-2004թ. 14. Հոլանդիա-2004թ. 15. Լիտվա-2005թ. 16. Գերմանիա-2005թ. 17. Վենեսուելա-2005թ. 18. Չիլի-2007թ. 19. Շվեդիա-2010թ. Նշենք նաև, որ աշխարհում միակ երկիրը, որը օրենք է ընդունել և քրեորեն դատապարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը, Շվեյցարիան է: Նման մի բանաձև էլ ընդունել էր Ֆրանսիայի սենատը, սակայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը այն հակասահմանադրական ճանաչեց:

No comments: