Tuesday, April 10, 2012

Հ. Սահակյան. Թուրքիան անընդհատ հետ քայլ է անում

Panorama.am. 9-4-2012- «Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ պայքարելու համար, սակայն այդ պայքարի արդյունքում ավելի ու ավելի մարդիկ են իմանում 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած այդ սարսափելի ոճրագործության մասին»,- մեկնաբանելով Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշի հայտարարությունը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը. Նշենք, որ վերջինս, մասնավորապես. հայտարարել է. «Այսօր աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններ փորձում են մեր փառավոր պատմությունը կասկածի տակ առնել: Իրենց փոքր ուղեղներով մեր պատմության վրա փորձում են կեղտ լցնել: Խորհուրդ եմ տալիս լավ ուսումնասիրել ամեն ինչ»: Ըստ պատգամավորի՝ չկա աշխարհում մի մարդ, ով կասկածում է Ցեղասպանության փաստին, սակայն դրա մասին բարձրաձայնելը համարձակության հարց է, ինչը վաղ թե ուշ կհաղթահարվի: «Կգա օրը, որ Թուրքիան ևս համարձակություն կդրսևորի՝ ասելու այն, ինչի մասին արդեն պաշտոնապես բարձրաձայնում են շատ երկրներ: Թուրք պաշտոնյաների հայտարարություններից ակհայտ է դառնում, որ նրանք ուղղակի ցայտնոտի մեջ են»,- հավելեց նա: Նա նշեց, որ իսկապես ամոթ է, քանի որ վիրավորանքերի ու մերժողականության մասին հայտարարություններ է անում մի պաշտոնյա, ով ի պաշտոնե բանակցություններ է վարում Թուրքիայի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության նպատակով ու փորձում է ապացուցել, որ Թուրքիայի նվիրված է եվրոպական արժեքներին: «Նման հայտարարությունները, անընդհատ հետ քայլ են արձանագրում Թուրքիայի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության ու առհասարակ Թուրքիա պետության զարգացման հարցերում»,- ասաց պատգամավորը:

No comments: