Wednesday, April 4, 2012

Ռուսաստանը կողմ է տարածքների հանձնմանը

«Լրագիր» 3-4-2012- Ռուսաստանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները պահպանվեն: Փաստացի, Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանը պետք է տարածքներ հանձնի, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նախագահների մակարդակով վերջին երեք տարիներին առնվազն երեք անգամ փաստաթղթեր են ընդունել, որոնցում կոչ են արել ղարաբաղյան խնդիրը լուծել ՄԱԿ, ԵԱՀԿ կանոնադրությունների հիման վրա, բանակցությունների միջոցով, որոնց արդյունքում կարգավորման վերջին կետում մի շարք շրջաններ ազատելու վերաբերյալ պայմանավորվածություններից, համապատախան միջանցքի ապահովումից հետո Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի սեփական ճակատագիրը», ասել է Լավրովը Երեւանում: Նա, փաստացի, խոստովանել է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել այդ հարցով, ընդ որում չմատնանշելով, թե ով է դեմ հանդես գալիս: Հազիվ թե Ադրբեջանը, որովհետեւ Բաքվին հենց այն է պետք, որ հայերը հանձնեն շրջանները, իսկ Բաքուն անհասկանալի հանրաքվե նշանակի, երբ Ղարաբաղի կեսն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ կլինի: Սակայն Հայաստանը համաձա՞յն է: «Վերջին շրջանում Ադրբեջանն առնվազն 4 անգամ հրաժարվել է ձեռք բերված պայմանավորվածություններրից», հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ասել է, որ ադրբեջանցիները ստատուս-քվոյի փոփոխությունը ներկայացնում են որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ: «Դրան համանախագահները բազմիցս պատասխանել են, այդ թվում ԱԳՆ ղեկավարների մակարդակով, որ բոլոր սկզբունքները եւ տարրերը, որոնք առաջարկվել են որպես կարգավորման հիմք, մշակվել են որպես մեկ ամբողջություն, եւ դրանցից ոչ մեկը հնարավոր չէ անջատել», ասել է Էդվարդ Նալբանդյանը: Հետաքրքիր է, որ նույն օրը հնչել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը, որում ոչ մի խոսք չի եղել կարգավորման սկզբունքների, տարածքների կամ կարգավիճակի մասին: Հեֆերնը բացառապես խոսել է խաղաղության պահպանման, այսինքն, ներկայիս ստատուս-քվոյի պահպանման մասին: «Մենք շարունակելու ենք ճիշտ բանաձեւեր պահանջել, փնտրել ճիշտ բանաձեւեր, աշխատել հրադադարի խախտումները կանխելու մեխանիզմների վրա: Շարունակելու ենք կողմերին բանակցությունների սեղանի շուրջ պահել, որովհետեւ դա ավելի լավ, քան մեկ սեղանի շուրջ չնստելը: Կփորձենք վերջ դնել խախտումներին, խաղաղություն, երկարաժամկետ խաղաղություն ապահովել ժողովուրդների համար», ասել է Ջոն Հեֆերնն ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահները հրապարակային առաջ են քաշել այն գաղափարը, որ պաշտպանությանն ուղղված ծասերը պետք է կայունանան, սպառազինությունների մրցավազքը պետք է չափի մեջ լինի, հրադադարի ռեժիմը պահպանվի, եւ պետք է ժողովուրդներին պատրաստել իրական կարգավորման: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կողմերը հագուցալուծման հասնեն: Այժմ մենք կողմերի հետ աշխատում ենք այսպես կոչված հիմնական սկզբունքների վրա: Ինչ-որ պահի մեզ թվացել է, որ մենք մոտ ենք, սակայն մենք դեռ չենք հասել նպատակին», ասել է ԱՄՆ դեսպանը: «Լեռնային Ղարաբաղի հարցում գոյություն ունեցող ստատուս-քվոն ոչ միայն անթույլատրելի է, այլեւ վտանգավոր է Ադրբեջանի համար», հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ինչպես նշել է նախարարը, Հայաստանում եւ մի շարք համանախագահ-երկրներում սպասվող ընտրություները ձգձգում են բանակցային գործընթացը, «սակայն դա չի նշանակում, որ գործընթացն ամբողջովին կանգնեցված է»: Ըստ ամենայնի, Եվրամիությունը դեռ բավականաչափ ջանքեր չի գործադրում ղարաբաղյան կագրավորման մեջ իր դերն ակտիվացնելու համար: Հնարավոր է, դա իրոք կապված է ընտրական գործընթացների հետ, սակայն, ավելի շուտ, ԵՄ-ն նույնպես առաջնահերթություն է համարում խաղաղության պահպանումը, քան «կարգավորումը»: Նաիրա Հայրումյան

No comments: