Tuesday, April 10, 2012

Ամերիկյան փորձագետ. Ադրբեջանը վերածվում է լրտեսների որջի

News.am. 10-4-2012- Խորհրդային Միության նախկին մաս, նավթով հարուստ պետությունն Իսրայելի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարման հետեւանքով դառնում է համաշխարհային լրտեսության բույն: MSNBC կայքում հրապարակված «Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Կասաբլանկայի նման՝ Ադրբեջանը լրտեսների որջի է վերածվում» հոդվածում նման պնդում է արել փորձագետ Ալաստար Ջեյմիսոնը: «Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի հետ կապեր ունեցող Ադրբեջանը, որպես Թեհրանի հետ վարվող դիվանագիտական պատերազմի հենակետ, ռազմավարական նշանակություն ունի Արեւմուտքի համար»,- գրել է Ջեյմիսոնը եւ հավելել. «Իրանի հետ երկար սահման ունեցող աշխարհիկ այս բռնապետությունը սակավաթիվ այն երկրներից է, որոնք դեռեւս լրտեսական հուսալի կենտրոն են մնում Ամերիկայի եւ Իսրայելի համար՝ հետախուզական գործունեության բույն դարձնելով երկրի մայրաքաղաք Բաքուն»: Հոդվածում մեջբերվում է Heritage հիմնադրամի ավագ հետազոտող Արիել Քոհենի խոսքը, որի համաձայն «երկրորդ համաշխարհայինի ընթացքում Կասաբլանկա քաղաքի նման՝ Ադրբեջանն այժմ դարձել է Իրանի արարքներին հետեւելու կենտրոն»: «Սա հասկանալի է՝ հաշվի առնելով երկու պետությունների միջեւ առանց մուտքի արտոնագրի փոխադրվելու ռեժիմը եւ Իրանի հետախուզական մարմինների կողմից իրականացվող ագրեսիվ ռազմավարությունը», - նշել է Քոհենը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները լույս են արձակել Բաքվում տեղի ունեցող միջազգային որոշ «մանեւրերի» վրա՝ նշելով Ադրբեջանում անվտանգության ուժերի կողմից այս տարվա մարտին 22 անձի ձերբակալման դեպքը: Այս անձինք, ըստ Ադրբեջանի իշխանությունների, պատրաստ էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել երկրում գործող ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեսպանությունների վրա: Ըստ հոդվածի, որոշ փորձագետներ համարում են, որ «իրանցիները գործում են բացեիբաց՝ ցանկանալով, որ բոլորը տեղյակ լինեն իրենց ներկայության մասին»: «Իսրայելցիները սակայն, ամերիկացիների նման, ավելի աննկատ են գործում, սակայն, վերջիվերջո, բոլորն էլ գիտեն, որ նրանք նույնպես այստեղ են», - գրել է հեղինակը:

No comments: