Saturday, April 28, 2012

Հայկական հարց. հուսահատություն և հույս

Tert.am. 27-4-2012- CNNturk հեռուստաընկերության եթերում Ահմեթ Հաքանի հեղինակային «Չեզոք գոտի» հաղորդաշարի հերթական թողարկման թեման եղել է Հայկական հարցը: «1915, համատեղ ցավ» խորագրով հաղորդմանը մասնակցել են հայազգի Կարո Փայլանը, «Ռադիկալ» թերթի լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը, Թուրքիայի պատմության ինստիտուտի հայկական ամբիոնի ղեկավար Քեմալ Չիչեքը, նախկին պատգամավոր Ուլուչ Գուրքանը և Գիրեսունի համալսարանի ռեկտոր Այգուն Աթթարը: Այսօր արդեն, Օրհան Քեմալ Ջենգիզն իր սյունակում կիսվել է հաղորդման մասին ունեցած իր «Որպես Թուրքիայում ապրող մեկը, ես երբեմն հույսով եմ լցվում, իսկ երբեմն շատ հոռետես դառնում: Այս երկու տրամադրություններն ամեն օր հաջորդում են միմյանց»,- գրել է նա: Քեմալ Ջենգիզը տեղեկացրել է, որ բանավեճի մի կողմում ինքն ու հայազգի մտավորական Կարո Փայլանն են եղել, մյուս կողմում` ազգայնական թևը` Ժողովրդահանրապետական կուսակցությունից մի գործիչ և երկու թուրք պատմաբան: «Պաշտոնական տեսակետների անձրև տեղաց մեր վրա: Իրոք զայրացնող էր տեսնել, որ այդ մարդիկ երբեք, գոնե մի փոքր չեն ցանկանում փոխել իրենց տեսակետը: Նրանք չեն փորձում ավելի խելացի լինել: Բանավեճը շատ թեժ էր, և երբեմն մեր «պաշտոնական պատմաբանները» այնպիսի խոսքեր էին ասում, որ մենք շոկի մեջ էինք ընկնում: Օրինակ` նրանցից մեկը Կարոյին ասաց, որ նա կարող է մեռնել Կալիֆորնիայում, ինչպես իր նախնիները: Եվ այս պարոնը Թուրքիայի պատմության ինստիտուտի պատմաբան է, ով պատասխանատու է հայկական հարցի համար»,- գրել է նա: «Մի ժողովուրդ վերացել է այս հողերից, և այստեղ դեռևս դրան անուն չենք տվել»,- հաղորդման ընթացքում ասել է Կարո Փայլանը: Օրհան Քեմալ Ջենգիզն իր հերթին նշել էր, 1915 թ.-ի իրադարձությունների բնութագրության քննարկման փոխարեն, պետք է հասկանալ, թե իրականում ի՞նչ է պատահել Թուրքիայում ապրող հայերի հետ: «Մենք բառերի հետևից ենք ընկել ու փորձում ենք ապացուցել` դա «ցեղասպանություն» էր, թե ոչ: Դա չէ կարևորը: Կարևոր փաստն այն է, որ այստեղ հայեր կային և հիմա չկան, պետք է հասկանալ, թե ի՞նչ եղավ նրանց, ո՞ւր անհետացան: Միայն «ցեղասպանություն» բառից կառչած մնալը մեզ խանգարում է զգալ: Հայ ընտանիքները տեղահանվել են, աքսորվել, դրա անվանումն ի՞նչ կարևոր է: Ավելի կարևոր է հասկանալ, թե այդ դեպքերն ինչ «քաղաքական երկրաշարժ առաջացրեցին» Թուրքիայում, ինչպիսի՞ ինքնություն ստեղծվեց: Ինչպիսի՞ Թուրքիա ունեցանք անցած 100 տարիների ընթացքում: Մնացածը դատարանում քննարկել է պետք»,- ասել է նա: Թուրքական պաշտոնական տեսակետի պնդումներին էլ, թե հայկական զինված խմբերն էլ ապստամբություն էին բարձրացրել և կոտորում էին թուրքերին, հայազգի Կարո Փայլանը արձագանքնել է. «Դրա համար ամենևին անհրաժեշտ չէր մի ողջ ժողովրդի վերացնել: Կարելի էր դատել, պատժել կոնկրետ մարդկանց, որոնց թիվն այնքան էլ շատ չէր»: Թուրքական պաշտոնական կողմի պնդումները, թե պատերազմ է եղել և ոչ թե կոտորած, և մեղադրանքին, թե «Ռադիկալ»-ի լրագրողն ու հայ մտավորականը անգիր արած խոսքեր են ասում, հունից հանել է Կարո Փայլանին: «Ես ձեզ իմ ընտանիքի պատմությունն եմ պատմում, իմ պապերի պատմությունը: Մալաթիայից 15 հազար հայ տեղահանվեց և ընդամենը մի քանի հարյուրը փրկվեցին»,- ասել է նա: Կարո Փայլանին զայրացրել է նաև այն, որ թուրք պատմաբանները պարբերաբար շեշտել են իր հայ լինելու հանգամանքը: «Խտրականություն մի դրեք ու մի կրկնեք, որ ես հայ եմ: Ես Թուրքիայի հանրապետության քաղաքացի եմ, ինչպես որ իմ պապերն էին Օսմանյան կայսրության քաղաքացիները: Մենք նույնպես այս հողերի վրա ապրելու իրավունք ունենք»,- ասել է նա: Իր Սյունակում Օրհան Քեմալ Ջենգիզը գրել է. «Ես դուրս եկա հեռուստաընկերությունից գլխացավով և լրջորեն մտահոգված այս երկրի ապագայի համար: Սակայն մեկ օր անց «Ռադիկալ»-ում կարդացի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկի` Իսմեթ Ուչմայի հարցազրույցը և դարձյալ լցվեցի հույսով»: Իսմեթ Ուչման նշել էր, որ պետք է ներողություն խնդրել հայերից: «Անկախ նրանից, թե ես համաձայն եմ ԱԶԿ-ական պատգամավոր Իսմեթ Ուչմայի յուրաքանչյուր բառին թե ոչ, նրա խոսքերը ինձ հույս են տալիս: Հույս, որ ավելի շատ մարդիկ կան, որ մտածում են նրա նման և արտահայտվում ազատորեն: Խնդրի լուծման բանալին երկու կողմերի` հայերի և թուրքերի ոչ ազգայնական մասի ձեռքերում է և թող Աստված օրհնի նրանց»,- գրել է նա:

No comments: