Tuesday, April 3, 2012

«Վրաստանի հայ համայնքը» դիմել է Թբիլիսիում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշաքար տեղադրելու խնդրանքով

Tert.am. 3-4-2012- «Վրաստանի Հայ Համայնք»-ը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին և Քաղաքային խորհրդին (օրենսդիր մարմնին)` խնդրելով թույլ տալ մայրաքաղաքում տեղադրել հուշաքար` նվիրված 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք «Վրաստանի հայ համայնքի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ «Մենք, ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներս, թվով Վրաստանում երկրորդ, Թբիլիսիում` առաջին ազգային փոքրամասնությունն ենք: Չնայած բազմաթիվ դիմումներին և խնդրանքներին, առ այսօր 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված ոչ մի հուշարձան-խորհրդանիշ Թբիլիսիում չունենք: Մենք` ներքոստորագրյալներս, խնդրում ենք հաշվի առնել մեր արդարացի ցանկությունը և Համայնքին իրավունք տալ 1915-23 թթ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշաքար տեղադրել»,- ասված է դիմումում: Դիմումի տակ ստորագրել են «Վրաստանի Հայ Համայնքը» (ՎՀՀ), «ՎՀՀ Ուսանողական միությունը», «ՎՀՀ Երիտասարդական միությունը» և «ՎՀՀ Պատանեկան միությունը»: ՎՀՀ մամուլի ծառայությունից հիշենում են նաև, որ «Վրաստանի Հայ Համայնքը» բազմաթիվ տարիների ընթացքում դիմում է քաղաքային իշխանություններին` խնդրելով հուշարձան տեղադրելու իրավունք տալ, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանն անտեսում է 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան ունենալու` թբիլիսահայերի ցանկությունը:

No comments: