Saturday, April 28, 2012

Սարգսյանի պատասխանը կրակոցներին

«Լրաքիր» 27-4-2012- Սերժ Սարգսյանը, որ ներկայում նախընտրական քարոզարշավ է իրականացնում Հայաստանի հյուսիսում, անդրադարձել է Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպին: Խոսքը երեք զինծառայողի մահվան մասին է, որոնք ըստ պաշտոնական հաղորդագրության սպանվել են հրազենային կրակոցներից: «Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, և մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով», ասել է Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ կատարվածի պատասխանն անխուսափելի է:«Մենք ունենք ամուր բանակ և համապատասխան քայլերի կդիմենք: Չեմ կարծում, որ մեր երկրում որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը»,ասել է Սերժ Սարգսյանը: Սակայն, ուշագրավ է, որ Տավուշի մարզում երեք հայ զինծառայողների մահվան վերաբերյալ նախնական տեղեկությունները հաստատելով, Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդուհանդերձ չի հաստատել այն, որ զինծառայողները սպանվել են ադրբեջանցիների արձակած կրակոցներից: ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին տեղեկություն չկա: Ասվում է միայն, որ սպանվել է երեք զինծառայող, հրազենային կրակոցներից՝ Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում: Նաեւ հայտարարվում է, որ հրազենային կրակոցների բազմաթիվ հետքեր կան նրանց մեքենայի վրա: Ովքեր են եղել կրակողները: Այդ հարցի պատասխանը թերեւս կտա հարուցված քրեական գործի քննությունը: Արդյոք ադրբեջանցիները որեւէ կապ ունեն այդ սպանության հետ, թե սպանությունը այսպես ասած «մաքուր հայկական» է: Թե գործ ունենք ոչ թե հրադադարի խախտման, այլ պարզապես ադրբեջանական դիվերսիոն գործողության հետ, ինչը հատկապես Տավուշի ուղղությամբ կարծես թե բացառիկ երեւույթ չէ: Ինչպես հայտնի է, հատկապես այդ շրջաններում տեղի են ունենում նաեւ քաղաքացիական անձանց առեւանգումներ: Ինչպիսի դիրքում է եղել միջադեպը: Ասվում է, որ զինծառայողները մահացել են Բերդի հոսպիտալի ճանապարհին, իսկ մեկն էլ հոսպիտալում: Ով է եղել նրանց առաջին օգնություն ցուցաբերողն ու հոսպիտալ հասցնողը: Արդյոք վիրավորվածները չէին կարող հասցնել որեւէ բան ասել օգնություն ցուցաբերողներին: Պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները առայժմ չկան: Մնում է միայն ենթադրել, որ եթե Սերժ Սարգսյանը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է պատասխանի մասին, ապա նա թերեւս ունի հստակ տեղեկություն, որ զոհերը եղել են Ադրբեջանի կրակոցներից: Այդ դեպքում ինչու է պաշտպանության նախարարությունն առայժմ ձեռնպահ մնում այդ մասին հայտարարելուց:

No comments: