1in.am. 5-4-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք գիտնական և հրապարակախոս, ԱՄՆ-ի Կլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը պատրաստվում է ապրիլի 15-ին ներկայացնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետազոտման նոր ասպեկտներ:
Աքչամը ելույթ է ունենալու Ամերիկյայի հայկական գրադարանում ու թանգարանում (ALMA)։ Ելույթի հիմնական թեման լինելու են ոչ վաղ անցյալում Փրինսթոնի համալսարանի կողմից հրատարակված նրա «Երիտթուրքեր. մարդկության դեմ հանցագործություն: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունն ու էթնիկ մաքրումները» խորագրով գրքի նյութերը: Այս աշխատությունում մասնավորապես ներկայացված են նոր փաստեր՝ հիմնված Օսմանյան կայսրության ավելի քան 600 գաղտնի փաստաթղթերի վրա:
ALMA-ի մամլո ծառայությունը նշում է, որ այդ փաստաթղթերը ծառայում են այն անհերքելի փաստի անվիճարկելի ապացույցին, որ Հայոց ցեղասպանությունը հանդիսացել է երիտթուրքական իշխանությունների կողմից Օսմանյան կայսրությունում կոնկրետ գործողությունների արդյունք՝ նվիրված կայսրությունը քրիստոնյա հպատակներից ազատելուն.
«Դրանք հասարակությանն անծանոթ փաստաթղթեր են, որոնց հիման վրա Թաներ Աքչամը վերլուծություն է կատարել, ըստ որի՝ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվել են նպատակաուղղված, պլանավորված էթնիկ մաքրումներ, և ոչ թե դրանք առանձին աղետալի իրադարձություններ են, ինչպես բարձրաձայնում է ժամանակակից թուրքական պետության պաշտոնական դոկտրինը:
Էականն այն է, որ Աքչամի այս, ինչպես և նախորդ աշխատություններում, տեղ են գտել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին թուրք զինվորականների դեմ մեղադրականներն ու դատավճիռները, որոնք հանգեցրին երիտթուրքական առաջնորդների և մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչների ու չինովնիկների նկատմամբ գործընթացների:
Մի շարք անձանց նկատմամբ կայացված այդ դատավճիռները, որոնց թվում առկա էին նաև մահվան դատավճիռներ, իրականացվել են նաև հայերի դեմ գազանություններ գործելու համար: Ըստ էության, դա նշանակում է, որ Օսմանյան կայսրության մայրամուտի ժամանակ թուրքական իշխանությունն ինքն է ստիպված եղել ճանաչել Ցեղասպանության փաստը, սակայն Քեմալ Աթաթուրքի հետագա կառավարությունն արեց ամեն ինչ այդ փաստը լռեցնելու և իր պատմությունից ջնջելու համար:
Այդ համատեքստում թուրքական իշխանությունները մոռացության մատնեցին 1919-1920 թվականներին Ստամբուլում երիտթուրքերի նկատմամբ դատական գործընթացի ժամանակ գլխավոր զինդատախազի ելույթը, որում նաև նշված էր, որ եթե օսմանցիները ձգտում են ավելի քաղաքակիրթ ազգ երևալ ու լինել, ապա անհրաժեշտ է ընդունել, որ հայերի նկատմամբ իրականացվել է սարսափելի հանցագործություն, որի մեղավորները պետք է խստորեն պատժվեն:
Երիտթուրքերի բոլոր պարագլուխները հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, քանի որ հասցրել էին այդ ժամանակ փախչել Թուրքիայից: Սակայն օրենքից դուրս հայտարարված այդ անձանց չհաջողվեց խուսափել պատժից, որը 1920-ական թվականներին իրականացրին հայկական «Նեմեսիս» վրիժառու կազմակերպության անդամները:
Ուշագրավ է, որ երիտթուրքական պարագլուխների մահվան դատավճիռն իրականացրած այդ անձինք բոլոր դեպքերում արդարացվեցին այն երկրների դատարանների կողմից, որոնցում իրագործվել էին վրիժառության ակտերը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թաներ Աքչամը հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունն իսկական Ցեղասպանություն է, այլ ոչ թե ջարդ, սպանություն կամ այլ բան: Ես կասեի՝ եթե 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն չանվանենք, այդ դեպքում պետք է ասել, որ որևէ ցեղասպանություն չի եղել աշխարհում: Սա է իմ տրամաբանությունը՝ իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերվել դրանց»։
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment