Thursday, April 5, 2012

Ավագ հինգշաբթի. Մայր Աթոռում կատարվելու է Ոտնլվայի կարգ

Ավագ հինգշաբթին նվիրված է Հիսուս Քրիստոսի Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Ապա խոնարհության ու հեզության օրինակ դառնալով` հորդորում նույն կերպ վարվել միմյանց հանդեպ: Առավոտյան Սուրբ Պատարագից հետո ժամը 16.00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվելու է Ոտնլվայի կարգ՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կատարվելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Ոտնլվայի արարողության ժամանակ Տիրոջ օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվում է հավատացյալներին, որը օգտագործում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Այդ ժամանակ խորանին վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Ամեն անգամ Ավետարանն ընթերցելիս հանգցվում են մոմերը` թողնելով միայն կենտրոնինը: Հանգած մոմերը խորհրդանշում են աշակերտների փախուստը Գեթսեմանից, իսկ վառվող մոմը՝ Քրիստոսի միայնությունը։ Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:

No comments: