Thursday, April 5, 2012

«Հայաստանում կա PKK-ի ճամբար». հատված թուրքական դատարանի վճռից

HayNews.am. 4-4-2012- Թուրքիայում 13 տարով ազատազրկման են դատապարտել քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից քաղաքապետ Այհան Էրքմենին, փոխանցում է «Միլիյեթը» Վերջինս եղել է Կարսի նահանգի Դաղփընարի քաղաքապետը: Նրան կալանավորել էին 2011 թվականի դեկտեմբերին` «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով»: Էրզրումի դատարանն օրերս նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 13 տարվա ազատազրկման «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամ լինելու համար: Որպես Էրքմենի` PKK-ի անդամ լինելու ապացույց դատարանը ցույց է տվել Միրսիդի Օզբեյի հետ էլ. փոստով նամակագրությունը: Դատարանի պնդմամբ` Օզբեյը քրդական կազմակերպության անդամներից է, ով եղել է «PKK-ի Հայաստանում գտնվող ճամբարում» և այդտեղից կապ պահել Էրքմենի հետ: Հատկապես հետաքրքիր է դատարանի այն ձևակերպումը, թե «PKK-ն Հայաստանում ճամբար ունի»: Փաստորեն, թուրքական պաշտոնական շրջանակներում հավատացած են, որ քրդական ռազմական կազմակերպությունը ճամբար ունի Հայաստանի տարածքում, ինչը պաշտոնական Երևանը երբեք չի հաստատել: Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում: Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

No comments: