Thursday, April 5, 2012

Բլեֆատեղորոշիչ կայանի անհրաժեշտություն

1in.am. 4-4-2012- Հայաստանում ռուսական ռադիոտեղորոշիչ կայան հիմնելու վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումը պաշտոնական Երևանն, ըստ երևույթին, կմատուցի, այսպես ասած, նախաձեռնողական քաղաքականության ծիրում: Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանն այդ մասին հայտարարել էր «Կոմերսանտին» տված հարցազրույցում: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ Սարգսյանը ոչ թե ուղղակիորեն Հայաստանի վրա էր վերցրել նախաձեռնության պատասխանատվությունը, այլ պարզապես պատասխանել էր այդ մասին հարցադրմանը, որ անում է «Կոմերսանտի» լրագրողը: Այսինքն` լրագրողն է «առաջ քաշում» Հայաստանում ռադիոտեղորոշիչ կայանի համար Ռուսաստանին տարածք հատկացնելու գաղափարը, իսկ Հայաստանն էլ ընդամենը արձագանքում է դրան: Պաշտոնական Երևանի զգուշավորությունը հասկանալի է: Ռուսաստանին նոր ռազմավարական տիրույթ հատկացնելով, Հայաստանը կարող է առաջացնել Արևմուտքի դժգոհությունը, որն ամեն կերպ աջակցում է Հայաստանի ներկայիս իշխանությանը՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը աստիճանաբար թուլացնելու և երկիրը ռուսական ուղեծրի գրեթե ստրկական ենթակայությունից դուրս բերելու համար: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը հասկանում է նաև, որ տարածաշրջանում տեղի են ունենում բավական լուրջ խմորումներ և հնարավոր չէ երկար ժամանակ ծվարել մի տեղ և սպասել իրադարձությունների զարգացմանը: Հայաստանից պահանջվում են գործողություններ, նախաձեռնություններ, դիրքորոշումներ: Բայց արդյոք ռադիոտեղորոշիչ կայանի մասին անուղղակի առաջարկն ա՞յն է, ինչ պահանջվում է: Հազիվ թե: Հարավային Կովկասը ներկայումս գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների մի փուլում, որտեղ կան երկու` առաջին հայացքից իրարամերժ հրամայականներ: Մի կողմից անհրաժեշտ է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղությունն ու կայունությունը, մյուս կողմից` հարկավոր է, որ այն չլինի ճահճային կամ գերեզմանային և կրի, այսպես ասած, պրոդուկտիվ բնույթ, այսինքն` Հարավային Կովկասը լինի աշխարհաքաղաքական խաղաղ և կայուն մոդելավորումների մի տարածաշրջան: Եվ այդ հարցում Հայաստանի դերը բավական մեծ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանը տարածաշրջանի միակ հաղթանակած պետությունն է: Այսինքն` Հայաստանը միակ պետությունն է, որը գոնե մի առումով լուծել է իր առաջ դրած ռազմավարական կարևորագույն խնդիրներից մեկը: Վրաստանն ու Ադրբեջանն, օրինակ, ամենևին չզիջելով Հայաստանին իրենց պայմաններով և նույնիսկ գերազանցելով թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ ռեսուրսների առումով, չեն կարողացել լուծել այդօրինակ հարցեր: Վրաստանն ու Ադրբեջանը տանուլ են տվել իրենց պատերազմները: Իրավիճակը փոքր-ինչ շտկելու փորձ է արել Վրաստանը` իրականացնելով ներքին բարեփոխումներ, այդուհանդերձ այդ բարեփոխումների որակը, ծավալն ու տեմպը ամենևին բավարար չեն ռազմա-քաղաքական արդյունավետության տեսանկյունից բարձր գնահատականի արժանանալու և հուսալի ու վստահելի երկարաժամկետ գործընկերության «պատիվ» ձեռք բերելու համար: Հայաստանը, բարեբախտաբար, ռազմավարական և ռազմաքաղաքական իմաստով տարածաշրջանի միակ հաղթած պետությունն է, և այն, որ Վրաստանն ու Ադրբեջանը, խոշոր հաշվով, տանուլ են տվել, Հայաստանին օգնում է որոշակիորեն ապահովագրվել այն կորուստներից, որոնք կարող էին լինել հաղթանակից հետո պետական շինարարության ընթացքում թույլ տրված բացթողումների հետևանքով: Այդ բացթողումները առավել մեծ կորուստներ էին ենթադրում Հայաստանի համար, ու դրանից հնարավոր է եղել խուսափել ոչ թե մեր, այլ Վրաստանի և Ադրբեջանի «շնորհիվ»: Այդ տեսանկյունից, պոտենցիալի իմաստով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում դիտվել առաջատար պետություն, միևնույն ժամանակ Հայաստանի իշխանական դասը շարունակում է համառորեն խուսափել այդ դիտարկումից բխող առաքելությունը հանձն առնելուց և իրականացնելու քաղաքական կամք դրսևորելուց: Ռուսաստանի ռադիոտեղորոշիչ կայան կառուցելու պատրաստակամությունը հենց դրա վկայությունն է, քանի որ Հայաստանը կրկին կատարում է մի քայլ, որն ավելի շատ հրաժարում է սեփական իրավունքից և պատասխանատվությունից, քան դրա իրացում: Դա ամենևին չի նպաստում Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մոդելավորման տարածաշրջան վերածելու համաշխարհային գործընթացին, ինչը առաջին հերթին վտանգի տակ է դնում Հայաստանին, քանի որ Հայաստանն է այդ գործում ամենամեծ պոտենցիալ կրող երկիրը, և հետևաբար գործի տապալման կամ ձգձգման համար պատասխանատվությունն էլ Արևմուտքը դնելու է Հայաստանի վրա: Ի վերջո, պատահական չէ, որ ռազմավարական իմաստով, Հարավային Կովկասի պետություններից Հայաստանն է, որ արժանանում է Արևմուտքի կայուն և հետևողական աջակցությանը: Իսկ ի՞նչ է պահանջվում Հայաստանից: Իշխանությունը լավ է հասկացել, որ Հայաստանից պահանջվում է նախաձեռնողականություն: Պարզապես, դատելով դրա օրինակներից, ըստ էության վատ է հասկացել, թե ինչ է նախաձեռնողականությունը: Հայաստանից ներկայումս պահանջվում է պետական շահի հստակ ձևակերպում թե՛ ներքին՝ հանրային-քաղաքական, թե՛ արտաքին առումով: Այսինքն` ամենաառաջին քայլը, որ Հայաստանը պետք է անի ստեղծված իրավիճակում, դա սեփական ազգային ու պետական շահի հստակ ձևակերպումն ու աշխարհին դրա մատուցումն է. ինչ է ուզում Հայաստանը` որպես հասարակություն, որպես պետություն, որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտ, միջազգային իրավունքի կրող ինքնիշխան պետություն: Այդ հարցերը Հայաստանում ներկայումս ակնհայտորեն չունեն հստակ պատասխան: Հանրային, քաղաքական և պետական մակարդակով հստակ ձևակերպված և բանաձևվված չէ Հայաստանի պետական շահը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, իսկ հասարակական-քաղաքական դաշտը մեծ մասամբ զբաղված է ամեն ինչով, բացի այդ շահի ձևակերպումից: Իշխանությունն էլ բացարձակապես շահագրգռված չէ դրա վերաբերյալ հանրային և քաղաքական դիսկուրսի առաջացմամբ, որովհետև դա կարող է հանգեցնել նրան, որ շահը ձևակերպելուց հետո հասարակությունը ռենտգենային էֆեկտով արձանագրի, թե որքան հեռու է այդ շահից իշխող դասը: Իսկ առանց դրա ձևակերպման` իշխող դասը ստանում է պետական շահ հասկացության վրա քարոզչական մանիպուլյացիաներ անելու հնարավորություն: Ահա այդ ամենից խուսափելու համար էլ մատուցվում են զանազան մասշտաբի բլեֆ-խորամանկություններ, որոնց տերն իրականում Հայաստանը չէ, որովհետև Հայաստանը չգիտի, թե ինչին է ինքը ցանկանում տեր լինել, իսկ ինչին՝ ոչ: Չի բացառվում իհարկե, որ իշխանությունն ինքը չափազանց լրջորեն է վերաբերվում իր իսկ մատուցած այդ բլեֆ-խորամանկություններին` համարելով, որ դա իսկապես լուրջ քաղաքականություն է և Հայաստանը դարձնում է գլոբալ խաղի կարևոր մասնակից: Բայց դա առավել վտանգավոր է, որովհետև առավել սպառնալից հեռանկար է պարունակում այն իշխանության գործողությունը, որը հավատացած է սեփական ճշմարտացիության մեջ և չի էլ փորձում այն ենթարկել հասարակական ինդիկատորի չափմանը: Այդպիսի «անսխալական» իշխանությունը քայլ առ քայլ զիջում է երկրի ինքնիշխանությունը, սպառում հնարավորությունները` անսխալականության, անփոխարինելիության և լիարժեքության բարձունքից չնկատելով անգամ այդ վտանգավոր ընթացքը:

No comments: