Monday, May 21, 2012

Ծառուկյանին ոչ մի ներում. նա պետք է հեռանա

1in.am. 21-5-2012- Ըստ ամենայնի, Գագիկ Ծառուկյանը չի կարողանում դիմադրել Սերժ Սարգսյանի պահանջներին և նրան լրջագույն վերջաբան է սպասվում: Դեռ անցյալ տարեսկզբին` ԲՀԿ 5-րդ համագումարում, այդ կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրված Գագիկ Ծառուկյանը հանկարծ հայտարարեց, որ եթե չկարողանա կատարել կուսակցության նախագահի պարտականությունը, ապա կհեռանա՝ տեղը զիջելով նոր նախագահի: Ծառուկյանն ինքն էլ շեշտեց, որ իր այդ հայտարարությունն անակնկալ հայտարարություն է: Հիմա թերևս պարզ է, թե ինչն էր դրա պատճառը: Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը գիտակցում էր, որ գուցե երկար չկարողանա դիմադրել Սերժ Սարգսյանի պահանջներին և վերջնագրերին ու տեղի տա: Եվ իսկապես, Ծառուկյանը մայիսի 6-ից հետո դիմադրեց ընդամենը մի քանի օր և չկարողանալով հաղթահարել իր կյանքի թերևս կարևորագույն փորձությունը պատրաստվում է ստորագրել կոալիցիոն «ղազագիրը»: Եթե Ծառուկյանը չկարողացավ կատարել կուսակցապետի իր պարտականությունը և համաձայնեց կուսակցությունը սպանել, նա պետք է հեռանա: Կուսակցապետի պարտականության մեջ է մտնում այն, որ նա կարողանա կուսակցության համար հնարավորինս մեծ քաղաքական հնարավորություններ և ապագա ապահովել: Մինչդեռ Ծառուկյանի` ՀՀԿ-ի հետ, Օսկանյանի բնորոշմամբ, անիրական կոալիցիա կազմելու որոշումը ԲՀԿ-ին ոչ թե ապագա է ապահովում, այլ ՕԵԿ-ացում: ԲՀԿ-ն վերջնակապես վարկաբեկված է`կախվածության մեջ հայտնվելով ՀՀԿ-ից: Այսպիսի որոշումից հետո, շատ կարճ ժամանակ անց ԲՀԿ-ն նաև ՕԵԿ-ի նման կդառնա ՀՀԿ-ի կցորդը, որտեղ Սերժ Սարգսյանը կտեղավորի բոլոր նրանց, ում չի ուզում ՀՀԿ-ում տեղավորել: Եվ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ բանը չի հասել նրան, որ Սերժ Սարգսյանը նաև ԲՀԿ նախագահի անունը որոշի, Գագիկ Ծառուկյանն ավելի լավ է՝ ինքնակամ հեռանա, ինչպես խոստացել է իր կուսակցության 5-րդ համագումարում: Գուցե դեռևս շանս կա, որ ԲՀԿ-ն կգլխավորի այնպիսի մեկը, որը կկարողանա այդ կուսակցությունը դուրս բերել ՀՀԿ ոտքերի տակից: Շատերը, հավանաբար, նկատի կունենան Վարդան Օսկանյանին կամ Ռոբերտ Քոչարյանի: Ինչո՞ւ ոչ: Նախ՝ այդպես Քոչարյանը դուրս կգա ստվերից և կհայտնվի հասարակության աչքի առաջ, և այդժամ թող անի՝ ինչ կարող է, ոչ թե ստվերից, ինտրիգներով և խարդավանքներով, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ընդհանուր քաղաքական պրոցեսների համար: Գագիկ Ծառուկյանն իր սխալն ուղղելու տարբերակ այլևս չունի: Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հերթական ակտի գլխավոր պատասխանատուն բարոյահոգեբանական առումով այս անգամ դառնում է նա: 2008 թվականին այդ պատասխանատուն դարձավ Արթուր Բաղդասարյանը: 2012-13 թվականներին դարձավ Գագիկ Ծառուկյանը: Դե, իսկ պտուղները կրկին կքաղի Սերժ Սարգսյանը: Լևոն Զարուբյան

No comments: