Wednesday, May 16, 2012

Պատմաբան. Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Հին Ջուղայի խաչքարերի հարցում անդիմությունն է

News.am. 15-5-2012- Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն Ադրբեջանում սեփական հուշարձանների պաշտպանության հարցում անդիմությունն է: Այդ մասին մայիսի, այսօր` 15-ին, մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնել է պատմաբան, «Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» տնօրեն Սամվել Կարապետյանը: Ըստ նրա`սեփական մշակույթի եւ պատմության պահպանության միանգամայն անտարբերությունն արտահայտվել է Հին Ջուղայի խաչքարերի հարցում: «Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այդ բարբարոսական ոչնչացման մասին միայն ակնարկել է: Իսկ իրականում այդ մասին պետք է խոսել օր ու գիշեր: Պետք է պայքարել մեր կորցրած գանձերի համար: Աշխարհը կորցրել է Ջուղայի խաչքարերը: Նախիջեւանոմ էլ են ոչնչացվում Հայաստանի բոլոր հետքերը: Ագուլիսում հայկական եկեղեցիները վերացվել են երկրի երեսից: Իսկ Հին Ջուղայի խաչքարերի մասին մենք իմացանք միայն այն պատճառով, որ նրանք գտնվում էին իրանական սահմանի մոտ», – նշել է Կարապետյանը: «Եթե հայկական Քարվաճառը Քելբաջար դառնար, ապա մենք կկորցնեինք նաեւ Դադիվանքը եւ Ծիծեռնավանքը», – ընդգծել է Կարապետյանը: Համեմատության համար, օրինակ, Կիպրոսի իշխանությունները 1600 դատական հայց են ներկայացրել Թուրքիայի կառավարության դեմ 1600 քրիստոնեական, այդ թվում նաեւ հայկական շինությունների ոչնչացման համար, իսկ Հին Ջուղայի գերեզմանատան համար հայկական պետությունը չի միջամտել: «Մենք անդեմ ենք: Այդ պատճառով էլ անվերջ կորցնում ենք», – վստահ է Կարապետյանը: Մոռացության են մատնվում նաեւ սեփական երկրի հուշարձանները: «Դժբախտաբար, այստեղ գերադասում են միլիոններ ծախսել մեկը մյուսին հաջորդող շինությունների, նոր եկեղեցիների վրա: Սակայն չեն պատրաստվում ծախսել այդ միլիոնները կամ գոնե նրանց մի մասը միջնադարյան վանքերի վերականգնման վրա», – եզրակացրել է մասնագետը:

No comments: