Wednesday, May 16, 2012

Հայաստանի և Իրանի միջև միջմարզային կապերը դինամիկ զարգանում են. Իրանի դեսպանը դեռ հրաժեշտի հանդիպումներ է ունենում

Panorama.am. 15-5-2012- ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել
է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Տարածքային կառավարման նախարարության հաղորդմամբ, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար` նկատելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև փոխգործակցությունն ընդլայնվում է: Երկկողմ հարաբերությունների օրակարգում են գտնվում կարևոր և հետաքրքիր նախագծեր, որոնց իրականացումը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, առավել կսերտացնի հարևան և բարեկամ երկրների միջև կապերը: Ա. Գևորգյանը բավականին արդյունավետ է համարել նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը. վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև միջմարզային կապերը դինամիկ կերպով զարգանում են և ընդլայնում աշխարհագրությունը: Փոխվարչապետը նշել է դեսպանի անձնական ներդրումն այդ աշխատանքներում և հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ: Դեսպանն իր հերթին գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման ընթացքից` նշելով, որ վերջին տարիներին նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվել, իսկ նոր նախագծերը փոխգործակցության լայն հեռանկարներ են բացում: Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` նա նկատել է, որ դրանք արդեն ներառում են բոլոր բնագավառները, և առկա են այդ կապերը խորացնելու մեծ հնարավորություններ: Դիվանագետն ավելացրել է, որ հեռանում է ջերմ հիշողություններով և կշարունակի պահպանել կապը Հայաստանի հետ:

No comments: