Sunday, May 20, 2012

Իրաքում ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը

Tert.am. 9-5-2012- Իրաքի Բասրա քաղաքում` Թուրքիայի հյուպատոսության առջև, այսօր առավոտյան բողոքի ակցիա է անցկացվել, որի ընթացքում ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը, հայտնում է SalamNews-ը: Ակցիային մասնակցել են քաղաքի տասնյակ բնակիչներ, այդ թվում` Բասրայի Աշխատավորների միության անդամները, պետական ծառայողներ ու ուսանողներ, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել թուրքական կառավարության դեմ, որն ապաստան է տրամադրել ահաբեկչությունների ֆինանսավորման մեջ մեղադրվող Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք ալ Հաշիմիին: Ակցիայի ընթացքում նրանք այրել են Թուրքիայի դրոշը, այնուհետ նամակ փոխանցել հյուպատոսության աշխատակիցներին, որտեղ թուրքական կառավարությանը 15 օր է տրամադրվում Հաշիմիին հանձնելու համար: «Հակառակ դեպքում` վտանգի տակ կհայտնվեն Սիրիայում Թուրքիայի շահերը»,- ասվում է հայտարարության մեջ: Նրանք նաև քննադատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար, հայտնում է alwafd.org-ը: Իրաքի ներկայիս շիա կառավարությունը` Նուրի ալ Մալիքիի գլխավորությամբ, մեղադրում է սուննի Թարիք ալ Հաշիմիին «մահվան էսկադրոններ» ստեղծելու ու քաղաքական հակառակորդներին սպանելու մեջ: Նրա և իր 73 օգնականների նկատմամբ առաջադրվել է մոտ 300 մեղադրանք:

No comments: