Saturday, June 2, 2012

«1-2 երեխայով ընտանիքի մոդելը գնալով առավել տարածված է դառնում Հայաստանում». Մասնագետ

Panorama.am. 1-6-2012- «2000 թվականին ցանկալի երեխայի (քանի երեխա է ցանկանում ունենալ ամուսնական զույգը) թիվը 2.8-3 էր, իսկ 2010-ին ամենաբարձր ցուցանիշը 2.3 է: Այսինքն 3-4 երեխա ունեցող ընտանիքի մոդելը միանգամից շեղվել է դեպի 1-2 երեխայով ընտանիքի»,-Panorama.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, հիմք ընդունելով «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2010» զեկույցում ներառված արդյունքները: Հիշեցնենք, որ արդյունքներն հիմնված են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, Առողջապահության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացված ուսումնասիրությունների ու հարցումների վրա: Գ. Հայրապետյանի խոսքով, նման միտում նկատվում է ողջ աշխարհում, ինչը նորմալ է ու բնական: «Բնական պրոցես է, սրա դեմն առնելու համար ոչինչ հնարավոր չէ անել: Պետք է փորձել, գոնե ընտանիքներում 2-2.5 երեխայի թիվը պահել»,-նշեց ՄԱԿ ներկայացուցիչը, բացատրելով, որ ամուսնական զույգերն այժմ ավելի շատ ձգտում է ունենալ քիչ երեխաներ, բայց ավելի բարեկեցիկ կյանք, բարձրագույն կրթություն, կարիերա անել: ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, ծնելիության խթանումը բավական ծախսատար ու լուրջ ջանքեր պահանջող գործ է: Աշխարհում երկու երկրի է հաջողվել հասնել ծնելիության խթանման լավագույն ցուցանիշի` Ֆրանսիային և Շվեդիային: «Ըստ վերլուծությունների, հաջողության հասնելու համար կա երկու հիմնական պատաճառ: Առաջինը, որ ծնելիության խթանման ծրագրերը շարունակական են այդ երկրներում, ապա Ֆրանսիայի պես բավականին հարուստ պետությունը ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսում է ծնելիության խթանման ծրագրերի համար»,-ասաց մեր զրուցակիցը, միաժամանակ նշելով , որ Ֆրանսիայում ցանկալի երեխայի ցուցանիշը ցածր է 2-ից: «Պետք է կարողանանք օգտագործել ցանկալի երեխայի մեր ունեցած պոտենցիալը, դա քաղաքականության խնդիր է»,-ասաց Հայրապետյանը: Հայաստանում 2009-ից ընտանիքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 50 հազար դրամ, իսկ ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ: Կօգնի՞ սա ծնելիության խթանմանը: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն ֆինանսական աջակցությունը ծնելիության մակարդակը չի բարձրացնում, այն նեղացնում է տարիների քանակը երեխաների միջև: Այսինքն եթե կինը որոշել է երկու երեխա ունենալ, ինքը երկու երեխա կունենա երկու տարվա մեջ, ոչ թե ասենք հինգ տարվա ընթացքում: Բայց երրորդի վրա դա համարյա թե ազդեցություն չի թողնում: Երրորդ երեխա ունեցող ընտանիքները Հայաստանի Հանրապետությունում կազմում են 15 տոկոս: Այստեղ մենք պետք է մտածենք, արդյոք այդ գումարը տալ երրո՞րդ երեխային, երբ երկրորդը չի ծնվում, թե երկորդի՞ դեպքում տանք»,-ասաց Գ. Հայրապետյանը: Նշենք, որ ծնելիության գումարային գործակիցը, ըստ 2010 զեկույցի, Հայաստանում կազմել է 1.7: ԾԳԳ-ն Երևան քաղաքի մեկ կնոջ հաշվով կազմել է 1.5, ինչն ամենացածր ցուցանիշն է Հայաստանում: ԾԳԳ-ն ըստ մարզերի տատանվում է՝ կազմելով մեկ կնոջ հաշվով 1.6 Լոռու և Արարատի մարզերում և 2.0՝ Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Ըստ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների, 2011-ին 2010-ի համեմատ ծնելիությանը նվազել է 3.1 տոկոսով, բացարձակ թվերով արտահայտված 2010-ին ծնվել է 44825 երեխա, 2011-ին` 43447:

No comments: