news.am. 4-6-2012- Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգում շարունակվում է օրակարգում մնալ հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Կարսեցիները առիթը բաց չեն թողնում իրենց նահանգ այցելած պաշտոնյաներին եւ լրագրողներին հիշեցնելու, որ սահմանը փակ պահելով՝ թուրքական իշխանությունները պատժում են միայն Կարսի բնակչությանը, քանի որ Հայաստանից կանոնավոր չվերթներ կան Ստամուլ, ինչպես նաեւ չարթերային չվերթներ՝ Անթալիա: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողների խումբը Կարսում հանդիպեց Կարսի ժուռնալիստների միության նախագահ Յուջել Սեզերի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ նշեց, որ մինչեւ հայ-թուրքական սահմանի փակումը Կարս ժամանած շատ հայաստանցիների է հյուրընկալել: «Հայերը Գյումրի-Կարս երկաթուղով գալիս էին Կարս եւ մեկնում Սիրիա: Շատերին եմ հյուրընկալել եւ ծանոթացրել քաղաքին: Հայերն ասում էին, թե ես հայի նման են, եւ ինձ «Արարատ ջան» էին անվանում: Նրանք Կարսը որպես տրանզիտ քաղաք էին օգտագործում եւ վախենում էին շրջել քաղաքում»,-նշեց Սեզերը: Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանի փակումից հետո ինքն անընդհատ զբաղվել է սահմանի բացման խնդրով՝ գրելով ավելի քան է 100 հրապարակում՝ սահմանի բացման օգտին: «Ես ցանկանում եմ, որ երկու ժողովուրդները շփվեն միմյանց հետ, հաղթահարեն փոխադարձ թշնամությունը: Սահմանի բացման համար ես նամակ եմ գրել թե նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին, թե ներկա նախագահ Աբդուլլահ Գյուլին»,-ասաց Յուջել Սեզերը: Սեզերը չգիտես որտեղից պնդում էր, թե հայ-թուրքական փակ սահմանի պատճառը Ռուսաստանն է: Երբ NEWS.am-ի թղթակիցը հիշեցրեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել են հարաբերությունները կարգավորող արձանագրություններ, որոնց կետերից մեկն էլ սահմանների բացումն է, սակայն թուրքական կողմը հրաժարվում է վավերացնել՝ առաջ քաշելով նախապայմաններ, Յուջել Սեզերը փորձեց շեղել խոսակցության թեման: Սեզերին ուղիղ հարց ուղղվեց՝ արդյոք նա կողմ է առանց նախապայմանների սահմանների բացմանը, նա կրկին փորձեց խուսափել պատասխանից, հավանաբար քաշվելով թուրք լրագրողների ներկայությունից, սակայն ի վերջո ստիպված եղավ ասել, որ այո, կողմ է առանց նախապայմանների բացմանը: Կարսի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ բնակչության 20 տոկոսից ավել կազմող ադրբեջանցիների մեծամասնությունը եւս կողմ է առանց նախապայմանների սահմանի բացմանը: Տարիներ առաջ, երբ օրակարգ եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման հարցը, Իգդիրում ադրբեջանական գումարներով սնվող մի կազմակերպություն Կարսում հայ-թուրքական սահմանի բացման դեմ ցույց էր կազմակերպել, որին 5 հոգի է մասնակցել: Թերեւս Կարսը Թուրքիայի միակ նահանգն է, որտեղ հայ-թուրքական սահմանի բացմանը հարցը բավականին շատ է լինում տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Գործազրկության բարձր բացման մակարդակ ունեցող Կարսի նահանգում փրկության հույսը տեսնում են սահմանի բացման մեջ: Կարսի նահանգի եւ Հայաստանի մի քանի մարզերի միջեւ իրականացվում են փոքր մասշտաբի բիզնես, մշակույթային եւ հասարակական ծրագրեր: Տարիներ առաջ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեբեյօղլուն Կարսում հայ-թուրքական սահմանի բացման համար ստորագրահավաք էր կազմակերպել եւ մոտ 80 հազար բնակչություն ունեցող քաղաքից 50 հազարը կողմ էր արտահայտվել սահմանի բացմանը: Այդ ստորագրություններով փաթեթն ուղարկվեց Անկարա, սակայն հետեւանքը եղավ այն, որ քաղաքապետի հաջորդ ընտրություններով Նաիֆ Ալիեբեյօղլուն պարտություն կրեց: Իշխանություների աջակցությամբ նոր քաղաքապետ դարձած Նեւզաթ Բոզքուշը հայ-թուրքական հարաբերությունների, սահմանների բացման հարցում հանդես եկավ խիստ պասիվ դերում՝ արտահայտելով միայն պաշտոնական Անկարայի տեսակետները: Ավելին, նոր քաղաքապետը սկսեց Կարսի փողոցներից հանել նախկին քաղաքապետի կողմից տեղադրված հուշարձանները, կանգնեցրեց նախկին քաղաքապետի օրոք սկսված Կարսի պատմական հայկական թաղամասի տների վերականգնման ծրագիրը:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment